Առաջնագծում հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի անկում է նկատվել. ԼՂՀ ՊՆ

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 12 օգոստոսի. /Նովոստի–Արմենիա/. Առաջնագծում հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի անկում է նկատվել, հայտնում է Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։
Պաշտպանության բանակի օպերատիվ տվյալների համաձայն` օգոստոսի 11-ից 12-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 40 անգամ։
Հաղորդագրությունում նշվում է, որ ադրբեջանական բանակի առաջապահ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել են ավելի քան 500 կրակոց:
Հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի նվազման արդյունքում առաջնագծում լարվածությունը թուլացել է:
«ՊԲ առաջապահ զորամասերը խստորեն հետևում են հրադադարի պահպանման ռեժիմին և առաջնագծի ողջ երկայնքով շարունակում վստահորեն վերահսկել սահմանային իրավիճակը»,– ասվում է հաղորդման մեջ։
Հուլիսի վերջին–օգոստոսի սկզբին ադրբեջանական կողմը կտրուկ ակտիվացել է շփման գծում։ Դիվերսիոն գործողությունների և ղարաբաղյան դիրքերի վրա հարձակումների հետևանքով, տարբեր տվյալներով, զոհվել են ավելի քան 25 ադրբեջանցի զինծառայողներ և ԼՂՀ պաշտպանության բանակի հինգ զինծառայողներ։
Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:
Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:
1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց արդյունքում երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ ստիպված լքեց բնօրրանը:
Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչև այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: -0-