Հայաստանի, ՌԴ–ի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպումը դրական քայլ են համարում Ստեփանակերտում

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 12 օգոստոսի. /Նովոստի–Արմենիա/. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը դրական քայլ է համարում Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարներ Սերժ Սարգսյանի, Վլադիմիր Պուտինի և Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը Սոչիում։
Օգոստոսի 10–ին կայացած հանդիպմանը ղարաբաղյան հակամարտության գոտում իրավիճակի սրման հետ կապված հարցեր են քննարկվել։
«Հայ-ադրբեջանական սահմանին և շփման գծում լարվածության աննախադեպ սրացման ֆոնին Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի նախագահների եռակողմ հանդիպման անցկացման փաստը, մեր կարծիքով, արդեն իսկ դրական քայլ է, որը կարող է խթանել ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության գոտում իրավիճակի կայունացմանը»,– ասել է Միրզոյանը` պատասխանելով Karabakh-Open.info լրատվական գործակալության հարցին։
Ըստ նրա, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներից մեկի` Ռուսաստանի նախաձեռնությունը հստակ ազդանշան դարձավ առ այն, որ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության բացառապես խաղաղ միջոցներով կարգավորումն այլընտրանք չունի եւ խաղաղարար ջանքերի խաթարման ցանկացած փորձ անթույլատրելի է:
«Կարևոր է, որ տվյալ ազդանշանը հասնի Ադրբեջանի ղեկավարությանը, որը դեռևս հանդիպման նախօրեին սպառնում էր ռազմական գործողությունների վերսկսմամբ: Հաշվի առնելով ադրբեջանական կողմի հռետորաբանության մեջ առնվազն հանդիպման հրապարակային մասում ցուցաբերված որոշակի փոփոխությունը, հուսով ենք, որ նման տրամադրվածությունը կպահպանվի նաեւ Ադրբեջանի նախագահի Բաքու վերադառնալուց հետո»,– ասել է Միրզոյանը։
«Իրենց հերթին, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունները, հավատարիմ լինելով Ադրբեջանի հետ հակամարտության բացառապես խաղաղ միջոցներով կարգավորմանը, պատրաստ են այսուհետ ևս իրենց կառուցողական ներդրումն ունենալ բանակցային գործընթացի շարունակման համար պայմանների ապահովման եւ հակամարտության գոտում կայունության ու կանխատեսելիության մակարդակի բարձրացման գործում»,– ավելացրել է ղարաբաղյան ԱԳՆ–ի ղեկավարը։ -0-