Շուշիում հուլիսի 11-ից կմեկնարկի Հակոբ Գյուրջյանի անվան քանդակագործության երրորդ միջազգային սիմպոզիումը
ԵՐԵՎԱՆ, 9 հուլիսի. /Նովոստի–Արմենիա/. Հուլիսի 10-ից 30-ն ընկած ժամանակահատվածում ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության նախաձեռնությամբ Շուշիում անցկացվելու է շուշեցի անվանի քանդակագործ Հակոբ Գյուրջյանի անվան քանդակագործության երրորդ միջազգային սիմպոզիումը։
Սիմպոզիումի կազմակերպչական աշխատանքների համակարգող Լուսինե Գասպարյանը՝ նշեց, որ «Խաղաղություն Արցախին» խորագրով սիմպոզիումը նվիրված է զինադադարի կնքման 20-ամյակին:
Գասպարյանի խոսքով` սիմպոզիումին կմասնակցեն պրոֆեսիոնալ քանդակագործներ աշխարհի տարբեր երկրներից:
«Սիմպոզիումի առանցքային մասը քանդակագործական ստեղծագործարանն է, որի շրջանակներում մասնակից քանդակագործներից յուրաքանչյուրը կկերտի ազատ թեմայով իր քանդակը»,- ասաց Լ. Գասպարյանը՝ նշելով, որ ստեղծագործարանում կերտված քանդակները կմնան Շուշիում և կտեղադրվեն քաղաքի տարբեր վայրերում:
Ինչպես նշված է ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության պաշտոնական կայքում, քանդակագործության երրորդ միջազգային սիմպոզիումի բացման արարողությունը կկայանա հուլիսի 11-ին։-0-

