Մեծ եղեռնն իրավամբ դասվում է մարդկության դեմ ուղղված ամենածանր ոճրագործությունների շարքը. Արցախի նախագահ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 24 ապրիլի. /Նովոստի–Արմենիա/. Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը ուղերձ է հղել Ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ։
«Արդեն 99 տարի է, ինչ այս օրը համայն հայությունը սրտի կսկիծով հիշում է մեր ժողովրդին վրա հասած ամենամեծ ողբերգություններից մեկը` Հայոց ցեղասպանությունը, սգում եւ ոգեկոչում է անմեղ զոհերին:
1915 թվականին 1,5 միլիոն հայեր սրի քաշվեցին Օսմանյան կայսրությունում, հրաշքով մահից փրկվածները սփռվեցին աշխարհով մեկ` ապաստան գտնելով տարբեր երկրներում: Այսօր նրանց հետնորդները, կորստի ցավն ու պատմական հայրենիքի կարոտը սրտերում, ապրում ու արարում են այդ պետություններում, որոնք օգնության ձեռք են մեկնել թուրքական յաթաղանից մազապուրծ եղած մեր հայրենակիցներին եւ դարձել նրանց երկրորդ հայրենիքը:
Մեծ եղեռնն իրավամբ դասվում է մարդկության դեմ ուղղված ամենածանր ոճրագործությունների շարքին, որոնք վաղեմության ժամկետ չունեն եւ չեն էլ կարող ունենալ, քանի որ մոռանալ անցյալը` նշանակում է ճանապարհ բացել նոր բարբարոսությունների ու չարագործությունների համար: Այդ իսկ պատճառով մենք մեր ձայնն ենք բարձրացնում հանուն պատմական արդարության վերականգնման, հանուն մարդու իրավունքների ու ազատությունների պաշտպանության:
Մենք վճռական ենք ու վստահ, որ ի վերջո մեր ձայնը լսելի կլինի աշխարհին, եւ հայ ժողովրդի դարավոր պայքարն անպայման կպսակվի հաղթանակով: Վստահ ենք, որովհետեւ լավ ենք սերտել պատմության դասը, եւ օր օրի զորացող Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնությունը դրա վառ առհավատչյան է»,– ասված է ուղերձում:
Հայոց Ցեղասպանությունը ХХ դարի առաջին ցեղասպանությունն է։ Թուրքիան ավանդաբար մերժում է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին մոտ մեկուկես միլիոն հայերի զանգվածային ջարդեր իրականացնելու մեղադրանքները և չափազանց ցավագին է վերաբերվում Հայոց Ցեղասպանության հարցի վերաբերյալ Արևմուտքի կողմից արվող քննադատություններին։
Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են բազմաթիվ երկրներ, մասնավորապես, Ուրուգվայը, Լիտվան, Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիայի խորհրդարանի ստորին պալատը, Գերմանիան, Հոլանդիան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, ԱՄՆ 42 նահանգներ, ինչպես նաև Հունաստանի, Կիպրոսի, Արգենտինայի, Բելգիայի, Ուելսի խորհրդարանները, Կանադայի խորհրդարանի համայնքների պալատը և Լեհաստանի սեյմը, Վատիկանը, Եվրախորհդարանը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը։
Հայոց ցեղասպանությունը ճանաչել են ամերիկյան ավելի քան քառասուն նահանգներ, բրազիլական Սան Պաուլու, Սեարա, Պարանա նահանգները, ավստրալական Նոր Հարավային Ուելս նահանգը, Կատալոնիան, Բասկերի Երկիրը, Հյուսիսային Իռլանդիան, Շոտլանդիան, Ուելսը, Ղրիմի Ինքնավար Հանրապետությունը, կանադական Բրիտանական Կոլումբիա, Քվեբեկ, Օնտարիո գավառները, Ժնև և Վաուդ շվեյցարական կանտոնները, Բուենոս Այրես և Կորդոբա արգենտինյան գավառները, մոտ 40 իտալական կոմունա, տասնյակ միջազգային կազմակերպություններ, այդ թվում մի շարք հեղինակավոր կազմակերպություններ` Եկեղեցիների Համաշխարհային Խորհուրդը, Ցեղասպանագետների ասոցիացիան, Մարդու իրավունքների լիգան, Էլի Վիզելի մարդասիրական հիմնադրամը, Ամերիկայի հրեական համայնքների միությունը։ -0-

