ԼՂՀ ԱԳՆ–ն Ղրիմում հանրաքվե անցկացնելու փաստը դիտարկում է որպես ժողովուրդների ինքնորոշման իրավունքի իրականացման հերթական դրսևորում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 17 մարտի. /Նովոստի–Արմենիա/. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության (Արցախի Հանրապետության) արտաքին գործերի նախարարությունը դիտարկում է ս.թ. մարտի 16-ին Ղրիմի Ինքնավար Հանրապետությունում հանրաքվեի անցկացումը՝ որպես ժողովուրդների ինքնորոշման իրավունքի իրականացման հերթական դրսևորում:
Ինչպես նշված է ԱԳՆ–ի տարածած հայտարարության մեջ, իր զարգացման ուղին ինքնուրույն ընտրելու և ժողովրդավարական կամարտահայտության միջոցով ճակատագիրը որոշելու յուրաքանչյուր ժողովրդի իրավունքը, որն ամրագրված է ՄԱԿ-ի Կանոնադրությունում և մի շարք հիմնարար միջազգային փաստաթղթերում, միջազգային իրավունքի առանցքային սկզբունքներից մեկն է:
Վերջին տարիների փորձը և, մասնավորապես, Կատալոնիայում և Շոտլանդիայում նախատեսված հանրաքվեները վկայում են, որ ժողովուրդների ինքնորոշման անքակտելի իրավունքի ճանաչումն ու իրացումը նմանատիպ խնդիրների խաղաղ կարգավորման առավել օպտիմալ և ժողովրդավարական եղանակն է:
ԼՂՀ ԱԳՆ-ն հույս է հայտնում, որ Ղրիմի Ինքնավար Հանրապետությունում հանրաքվեի արդյունքում ստեղծված իրավիճակն իր լուծումը կստանա իրավական դաշտում՝ բացառապես խաղաղ ճանապարհով։
Կիրակի Ղրիմում և Սևաստոպոլում հանրաքվե է անցկացվել։ Քվեաթերթիկների 100 տոկոսի մշակման արդյունքում քվեարկությանը մասնակցած ընտրողների 96.77 տոկոսը կողմ է արտահայտվել Ղրիմը ՌԴ–ի կազմում ընդգրկելու կետին։ Հանրաքվեի անցկացման հանձնաժողովի ղեկավար Միխայիլ Մալիշևի տվյալներով, մասնակցությունը կազմել է 83.1 տոկոս։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն իր ամերիկացի գործընկեր Բարաք Օբամայի հետ ունեցած հեռախոսազրույցում հայտարարել է, որ Ղրիմի կարգավիճակի վերաբերյալ հանրաքվեի անցկացումը համապատասխանել է միջազգային իրավունքի և ՄԱԿ–ի կանոնադրության նորմերին։-0-

