ԼՂՀ նախագահի նախկին թեկնածուն իր վրա կատարված մահափորձի կապակցությամբ դիմել է արցախցիներին

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 21 հունվարի. /Նովոստի–Արմենիա/. ԼՂՀ նախագահի նախկին թեկնածու, ԼՂՀ ԱԺ պատգամավոր Վիտալի Բալասանյանը դիմել է արցախցիներին իր վրա կատարված մահափորձի կապակցությամբ։
Դեկտեմբերի 29–ին Բալասանյանը տեղեկացրել է իրավապահ մարմիններին, որ իր մեքենայից վայր է ընկել պայթուցիկ սարքի նման մի մեխանիզմ։ ԼՂՀ ոստիկանության օպերատիվ–հետախուզական խմբի` դեպքի վայր մեկնած աշխատակիցները պարզել են, որ դեկտեմբերի 29–ի երեկոյան անհայտ մի անձ մեքենայի վրա տեղադրել է իր մոտ ապօրինի կերպով պահվող ինքնաշեն պայթուցիկ սարք, որը հավասարազոր է 600 գրամ տրոտիլի` բազմաթիվ մարդկանց կյանքի համար վտանգավոր եղանակով Բալասանյանին սպանելու նպատակով։ Սակայն հանցագործությունը մինչև վերջ չի իրականացվել անձից չկախված հանգամանքների պատճաոռվ, նշվում է ԼՂՀ գլխավոր դատախազության հաղորդագրության մեջ։
ԼՂՀ ԱԺ պատգամավոր Վիտալի Բալասանյանի նկատմամբ մահափորձ իրականացնելու փաստի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակում, որը քննվում է ոստիկանության քննչական վարչության կողմից, ԼՂՀ ՔՕ 33/103–րդ հոդվածի երկրորդ մասի 6 և 7 կետերի հանցանշաններով (մահափորձ, որը կատարվել է բազմաթիվ մարդկանց կյանքի համար վտանգավոր միջոցով) մեղադրանք է ներկայացվել Արա Ավետյանին և Սերգեյ Հարությունյանին։ Կասկածյալների նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանքը։ Քննությունը շարունակվում է։
«Սիրելի ժողովուրդ, դիմում եմ քեզ և ցանկանում կիսվել 2013թ. դեկտեմբերի 29-ին իմ հանդեպ տեղի ունեցած մահափորձի մասին (եթե անհրաժեշտություն լինի մանրամասները տեղյակ կպահեմ առաջիկայում)։ Վստահ եմ, որ ժողովրդի գնահատականը կլինի ճիշտ, իսկ ինձ համար՝ անվիճելի», – նշվում է հաղորդագրության մեջ։
«Դու ես ծնել, սնել ու դաստիարակել ինձ ու իմ նմաններին և պատերազմի ժամանակ վստահել ինձ պաշտպանական շրջանի (գնդի) հրամանատարի պաշտոնը, պատերազմից հետո տվել ինձ համարժեք գնահատական ու արժանացրել «Արցախի հերոսի» բարձրագույն կոչմանը։ Քո վստահության քվեով ես արդեն երրորդ անգամ հայտնվել եմ Ազգային ժողովում, որպես ԼՂՀ նախագահի թեկնածու ստացել եմ ծանրակշիռ ձայներ», – նշել է Բալասանյանը։
Նա հայտարարել է, որ դեպքից անմիջապես հետո, 30/12/2013թ. ԼՂՀ Ոստիկանությունում հանդիպել է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի, գլխավոր դատախազ Արշավիր Ղարամյանի և ոստիկանապետ Կամո Աղաջանյանի հետ, հանդիպման ընթացքում մենք պայմանավորվել ենք ամեն ինչ անել նմանատիպ երևույթը արմատախիլ անելու և հետագա ցնցումներից խուսափելու համար, օգնել բացահայտել կատարվածը, պահել նախաքննության գաղտնիությունը, առանց քննարկելու չանել որևէ հայտարարություն (խոսքը վերաբերվում է բոլոր կառույցներին և ինձ)։
«Ես այն պահել եմ առ այսօր։ Սակայն ԼՂՀ դատախազությունը կասկածյալների վկայությունների հիման վրա հունվարի 5-ին տարածել է մի հաղորդագրություն, համաձայն որի կասկածյալները ինձ հետ գտնվում էին շարունակական վիճաբանությունների և անբարյացակամ հարաբերությունների մեջ՝ իմ կողմից կասկածյալներից մեկի եղբոր ազատազրկման ձևով պատժի հետագա կրումից ազատելու խոստումը չկատարելու պատճառով», – ասել է Բալասանյանը։
ԼՂՀ նախագահի նախկին թեկնածուն հայտարարել է, որ այս ամենն իրականությանը չի համապատասխանում։
«Կասկածյալները ձերբակալվել են ս/թ. հունվարի 1-ին, ժամը 13-ի սահմաններում, որի մասին ես տեղեկացել եմ հեռուստատեսությունից, իսկ հաղորդագրությունն ըստ իս պատրաստ է եղել հունվարի 4-ին և հայտնվել դատախազության կայքում հունվարի 5-ին։ Այս դեպքից հետո ժողովրդի մեջ իմ անձի վերաբերյալ տարբեր վարկաբեկիչ լուրեր են պտտվում և ես չգիտեմ, թե՞ ում կողմից են դրանք հրամցվում», – նշել է Բալասանյանը։
«Սիրելի ժողովուրդ, հենց սրանք են պատճառները, որ դիմում եմ քեզ և ապավինում քո դատին։ Դատիր ինքդ ու ինքդ իմ դատաստանն արա (պատրաստ եմ թե օրենքի, թե ժողովրդի առջև պատասխանատվություն կրելու), այնպես ինչպես ինձ վստահել ես ու հերոսացրել։ Դու ունես ինձ դատելու իրավունք և եթե ըստ քեզ քո հերոսը կատարել է այս ստոր ու նենգ քայլը և ունի այդ վարքագիծը, ուրեմն ինձ մտցրեք տականքների ցուցակը և ուղարկեք ինձ պատմության աղբարկղ, ընդհուպ դժոխք, ուրեմն ես դրան էի արժանի։ Ժողովուրդը երբեք չի սխալվում», – ասել է Բալասանյանը։
Գեներալ–մայոր Վիտալի Բալասանյանը ղարաբաղցի զինվորական է, քաղաքական և հասարակական գործիչ, ԼՂՀ ԱԺ պատգամավոր, Արցախի Հերոս։ ԼՂՀ–ում 2012 թ.–ին անցկացված ընտրությունների ժամանակ Բալասանյանը հավաքել է ընտրողների ձայների 32,5 տոկոսը` զիջելով գործող նախագահ Բակո Սահակյանին, ով հավաքել էր ձայների 66,7 տոկոսը։–0–