Ադրբեջանը շահագրգռված չէ Ղարաբաղի հետ շփման գծի միջադեպերի հետաքննությամբ, ասվում է ԼՂՀ ԱԳՆ տեղեկատվական վարչության մեկնաբանության մեջ:
ԼՂՀ ԱԳՆ-ն հիշեցնում է, որ դեկտեմբերի 22-ին ԵԱՀԿ մշտական խորհրդի նիստում ընդունվել է կազմակերպության ընդհանուր բյուջեն: Դրա հետ մեկտեղ քննարկվել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի (ԳՆԱՆ) գրասենյակի ֆինանսավորման ավելացման հարցապնդումը` պայմանավորված նրանով, որ ԳՆԱՆ գրասենյակի հնարավորություններն անհրաժեշտ է ամրապնդել, որպեսզի աջակցություն ցուցաբերվի Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում հնարավոր միջադեպերի հետաքննության անցկացմանը, այդ թվում` ի կատարումն 1995 թ. փետրվարի 6-ի պայմանավորվածությունների, որոնք ստորագրել են հակամարտության երեք կողմերը (ԼՂՀ, Ադրբեջան և Հայաստան) ԵԱՀԿ Մինսկի կոնֆերանսի համանախագահների միջնորդությամբ:
Մեկնաբանության մեջ նշվում է, որ ընդհանուր առմամբ` ԳՆԱՆ գրասենյակի բյուջեի ավելացման գաղափարը լայն աջակցություն է գտել ԵԱՀԿ անդամ-պետությունների շրջանում: Հատկանշական է, որ կտրականապես դեմ է հանդես եկել միայն Ադրբեջանի պատվիրակությունը` իր դիրքորոշումը բացատրելով նրանով, որ չի կարող հավանություն տալ գրասենյակին հավելյալ միջոցների տրամադրմանը, քանի դեռ ձեռք չի բերվել միջադեպերի հետաքննության մեխանիզմի մանրամասերի շուրջ վերջնական պայմանավորվածություն:
Այդ պատճառով ԼՂՀ ԱԳՆ-ն արձանագրում է, որ Ադրբեջանը շահագրգռված չէ շփման գծի միջադեպերի հետաքննությամբ, քանի որ արդյունքում ի հայտ է գալու, որ հենց ադրբեջանական կողմն է պարբերաբար իրականացնում սադրանքներ` դրանով իսկ խորացնելով հակամարտող կողմերի փոխադարձ թշնամանքն ու անվստահությունը և բանակցային գործընթացը կանգնեցնելով փակուղու առաջ:
«Ցավոք, մենք արդեն առաջին անգամ չենք բախվում նման իրավիճակի, երբ Ադրբեջանի ղեկավարության գործողությունները ամբողջովին հակասում են բարձր մակարդակով արված նախկին հայտարարություններին, մասնավորապես, այն հայտարարությանը, որ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի նախագահների կողմից հնչեցվել է 2011 թվականի մարտի 5-ին Սոչիում»,- ասվում է մեկնաբանության մեջ:
Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:
Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրեցին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:
1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց արդյունքում երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ ստիպված լքեց բնօրրանը:
Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչև այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: -0-