ԼՂՀ նախագահը ցավակցական հեռագիր է հղել Խորհրդային Միության հերոս Գևորգ Վարդանյանի ընտանիքին

12.01.2012, 13:02
ԼՂՀ նախագահը ցավակցական հեռագիր է հղել Խորհրդային Միության հերոս Գևորգ Վարդանյանի ընտանիքին
ԼՂՀ նախագահը ցավակցական հեռագիր է հղել Խորհրդային Միության հերոս Գևորգ Վարդանյանի ընտանիքին

ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը հունվարի 11-ին ցավակցական հեռագիր է հղել Խորհրդային Միության հերոս Գևորգ Վարդանյանի ընտանիքին, տեղեկացնում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը:

Հեռագրում ասված է. «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում խոր վշտով ընդունեցինք Գեւորգ Անդրեյի Վարդանյանի մահվան բոթը` հայ ժողովրդի արժանավոր զավակի, ով մեծ հարգանք էր վայելում Արցախում:

Ինչպես հայ ժողովրդի, այնպես էլ համայն մարդկության համար ծանր ժամանակաշրջաններից մեկում` երկրորդ համաշխարհային պատերազմի ամենաթեժ պահին, Գեւորգ Վարդանյանն ակտիվ մասնակցություն է ունեցել հակահիտլերյան կոալիցիայի առաջնորդների դեմ ծրագրված մահափորձի կանխմանն ուղղված կարեւորագույն օպերացիայի իրականացման մեջ: Ցանկացած սխալ քայլ, առանց չափազանցության, կարող էր փոխել համաշխարհային պատմության ողջ ընթացքը: Մենք հպարտ ենք, որ ունենք նման հայրենակիցներ:

Ընդունեք իմ խորին եւ անկեղծ ցավակցությունը: Ձեզ համար այս ծանր պահին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ժողովուրդը եւ իշխանությունները Ձեզ հետ միասին կիսում են անդառնալի կորստի ցավն ու վիշտը:
Գեւորգ Վարդանյանի պայծառ կերպարը միշտ վառ կմնա մեր սրտերում»:
Գևորգ Անդրեյի Վարդանյանը ծնվել է 1924թ. փետրվարի 17-ին Դոնի Ռոստով քաղաքում՝ իրանահպատակ, ձիթհան գործարանի տնօրեն Անդրեյ Վասիլիի Վարդանյանի ընտանիքում:

1930 թվականին, երբ Գևորգը վեց տարեկան է եղել,  ընտանիքը տեղափոխվել է Պարսկաստան: Նրա հայրը կապված է եղել խորհրդային արտաքին հետախուզության հետ և լքել է ԽՍՀՄ-ը հետախուզության առաջադրանքով: Առևտրային գործունեության քողի ներքո Անդրեյ Վարդանյանը հետախուզական ակտիվ գործակալի աշխատանք է իրականացրել: Հենց հոր ազդեցությամբ էլ Գևորգը հետախույզ է դարձել:

1940թ.  փետրվարին 16 տարեկան Գևորգ Վարդանյանը կապ է հաստատել Թեհրանում Խորհրդային ռեզիդենտուրայի հետ և սկսվել է նրա  հետախուզական, հերոսական գործունեությունը: Ռեզիդենտի հանձնարարությամբ Գևորգը գլխավորել է Թեհրանում և իրանական այլ քաղաքներում ֆաշիստական գործակալության և հիտլերյան հայտնաբերման հատուկ խումբը: Միայն երկու տարվա ընթացքում նրա խումբը մերկացրել է մոտ 400 մարդու, ովքեր այս կամ այն կերպ կապված են եղել հիտլերյան հետախուզության հետ:
1942 թվականին «Ամիրը» (օպերատիվ ծածկանուն) կատարել է հատուկ հետախուզական հանձնարարություն:

Չնայած, որ Մեծ Բրիտանիան հակահիտլերյան կոալիցիայում ԽՍՀՄ-ի դաշնակիցն էր, դա չէր խանգարում անգլիացիներին ընդհատակյա աշխատանք իրականացնել ԽՍՀՄ-ի դեմ: Անգլիացիները Թեհրանում ստեղծել էին հետախուզական դպրոց, որում հավաքագրվում էին ռուսաց լեզվի իմացությամբ երիտասարդներ՝ հետագայում Միջին Ասիա և Անդրկովկաս նրանց տեղափոխելու նպատակով:

Կենտրոնի հանձնարարականով՝ «Ամիրը» հետախուզական դպրոց մտավ և անցավ ուսուցման լրիվ կուրս: Թեհրանի ռեզիդենտուրան ստացավ դպրոցի և նրա սաների մասին մանրամասն տեղեկություն: ԽՍՀՄ տարածք ներդրված շրջանավարտները վնասազերծվում կամ վերահավաքագրվում էին և աշխատում խորհրդային հետախուզության «հսկողության» ներքո:

«Ամիրն» ակտիվ մասնակցություն ուներ Թեհրանի խորհրդաժողովի «մեծ եռյակի» առաջնորդների անվտանգության ապահովման գործում 1943 թվականի նոյեմբեր-դեկտեմբերին:

Գևորգ Վարդանյանը կնոջ` Գոհար Վարդանյանի հետ Իրանում  հաջողությամբ գործել է մինչև 1949 թվականը, այնուհետև իրենց գործունեությունը, ներառյալ 1992թ.,  շարունակել են այլ երկրներում:

Վերջին գործուղումից հետախույզները վերադարձել են 1986 թվականի աշնանը: Մի քանի ամիս անց Գոհար Վարդանյանը թոշակի է անցել, իսկ Գևորգ Վարդանյանը ծառայել է մինչև 1992 թվականը: Գևորգ Վարդանյանը Խորհրդային  արտաքին հետախուզական ծառայության առաջին  հետախույզն էր, որ իր  կենդանության օրոք  արժանացել է «Խորհրդային Միության Հերոսի» կոչման:

Գևորգ Վարդանյանն իր կյանքի  ընթացքում  արժանացել է պետական  և կառավարական բազմաթիվ շքանշանների  և այլ պարգևների, ինչպես նաև 85-ամյակի կապակցությամբ, ՀՀ նախագահի հրամանագրով  պարգևատրվել է «Պատվո շքանշանով»:

Գնդապետ Գևորգ Վարդանյանը մինչև վերջերս էլ շարունակում էր ակտիվորեն աշխատել ՌԴ Արտաքին հետախուզական ծառայությունում` մեծ  սիրով ու պատրաստակամությամբ իր պրոֆեսիոնալ հարուստ փորձն էր  հաղորդում երիտասարդ հետախույզներին, ելույթ ունենում բուհերի  ուսանողների և այլ լսարանների առջև:
ՀՀ ԱԱԾ  ղեկավարության կողմից Գևորգ Վարդանյանը պարգևատրվել է «Հետախուզությունում ծառայության համար»  կրծքանշանով և նրան շնորհվել է անվտանգության մարմինների «Պատվավոր  աշխատակցի» կոչում: Հայաստանի անվտանգության մարմինների  պատմության թանգարանի  հետախուզությանը վերաբերող ցուցափեղկում  իրենց պատվավոր  տեղն են գտել Գևորգ և Գոհար  Վարդանյանների  հերոսական  գործունեությունը ներկայացնող որոշ նյութեր:

Վարդանյանը պարգևատրվել է նաև Պատվո շքանշանով: -0-