ԼՂՀ-ում բնակվող վետերանները դրամական օգնություն կստանան

26.12.2011, 19:38
ԼՂՀ-ում բնակվող վետերանները դրամական օգնություն կստանան

ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը կարգադրել է Ամանորի և Սուրբ ծննդյան տոների կապակցությամբ միանվագ դրամական օգնություն տրամադրել ԼՂՀ-ում բնակվող Հայրենական մեծ պատերազմի մասնակիցներին և հաշմանդամներին, հաղորդում է ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը:

«Նախագահ Բակո Սահակյանը ստորագրել է կարգադրություն՝ Ամանորի և Սուրբ ծննդյան տոների կապակցությամբ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում բնակվող Հայրենական մեծ պատերազմի հաշմանդամներին, Հայրենական մեծ պատերազմի մասնակիցներին, Հայրենական մեծ պատերազմի հաշմանդամներին եւ մասնակիցներին հավասարեցված անձանց, Հայրենական մեծ պատերազմում զոհվածների ընտանիքների անդամներին՝ թվով 377 հոգու, 25 հազարական դրամի (շուրջ 65 ԱՄՆ դոլար) չափով միանվագ դրամական օգնություն ցույց տալու մասին», - նշվում է տեղեկատվության մեջ:

Ըստ կարգադրության, դրամական օգնության վճարումն ապահովելու համար Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավարի ֆոնդից 9 միլիոն 425 հազար դրամ է (շուրջ 25 հազար դոլար) հատկացվել ԼՂՀ սոցիալական ապահովության նախարարությանը և հանձնարարվել միջոցներ ձեռնարկել սույն կարգադրության կատարումն ապահովելու ուղղությամբ: -0-