Արցախը շահագրգռված է ոսկերչության զարգացմամբ. նախագահ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 21 դեկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը նախօրեին Մոսկվայում այցելել է «Էստետ» ոսկերչական տուն, ծանոթացել ոսկերչական գործարանի աշխատանքային գործընթացին և հանդիպել կազմակերպության ղեկավար, Հայ ոսկերիչների միության նախագահ Գագիկ Գևորգյանի հետ:
Ինչպես հաղորդում է Արցախի հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը, հանդիպման ընթացքում քննարկվել են Արցախում ոսկերչական գործի զարգացմանն առնչվող հարցեր
Երկրի ղեկավարը նշել է, որ Արցախը շահագրգռված է այս ոլորտի զարգացման մեջ և ակնկալում է «Էստետ» ոսկերչական տան ակտիվ մասնակցությունն այս գործում:
Նախագահ Սահակյանն ընդգծել է, որ հսկայական ներուժ, փորձ եւ լայն միջազգային կապեր ունեցող այս կազմակերպության աջակցությունը նոր որակ կհաղորդի հանրապետությունում ոսկերչական գործին:
Հատուկ ուշադրություն է դարձվել Արցախում ոսկերչական դպրոցի հիմնադրմանը, ինչը ոլորտի զարգացման առաջնային նախապայմաններից մեկն է:
Նախագահին ուղեկցում էին ԼՂՀ Նախագահի խորհրդական Արմեն Իսագուլովը, նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ Դավիթ Բաբայանը և ՌԴ-ում ԼՂՀ մշտական ներկայացուցիչ Ալբերտ Անդրյանը:-0-