Արցախի Հանրապետության նախագահը շնորհավորել է ԼՂՀ ԱԱԾ աշխատակիցներին՝ մասնագիտական տոնի կապակցությամբ

20.12.2011, 13:46
Արցախի Հանրապետության նախագահը շնորհավորել է ԼՂՀ ԱԱԾ աշխատակիցներին՝ մասնագիտական տոնի կապակցությամբ

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը երեքշաբթի շնորհավորական ուղերձ է հղել Ազգային անվտանգության մարմինների աշխատողի օրվա առթիվ, հաղորդում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը:

«Ազգային անվտանգության ծառայության հարգելի աշխատակիցներ և վետերաններ,
Արցախի իշխանությունների և անձամբ իմ անունից շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի առթիվ, տոն, որն ավանդաբար նշվում է մեր հանրապետությունում: Մաղթում են քաջառողջություն, երջանկություն ու մեծագույն հաջողություններ ձեզ և ձեր ընտանիքներին», - նշվում է ուղերձում:

Արցախի Հանրապետության նախագահը ընդգծել է, որ Ազգային անվտանգության մարմիններն իրականացնում են չափազանց կարևոր գործունեություն` ուղղված Արցախի ազգային շահերի պաշտպանությանը, հասարակական և պետական անվտանգության ապահովմանը:

Ուղերձում նշվում է, որ ԱԱԾ աշխատակիցների ամենօրյա սկզբունքային և հետևողական աշխատանքից է նաև կախված Արցախի ազատ ու անկախ պետականության շարունակական ամրապնդումը:
«Մեր նպատակն է ստեղծել մի այնպիսի պետություն, որի քաղաքացիները հնարավորինս պաշտպանված կլինեն արտաքին ու ներքին սպառնալիքներից, պետություն, որտեղ յուրաքանչյուր մարդ իրեն ապահով կզգա: Եվ դրանում անկասկած մեծ է ազգային անվտանգության ծառայության դերակատարությունը», - նշվում է ուղերձում:

Արցախի Հանրապետության նախագահը վստահություն է հայտնել, որ համակարգի աշխատակիցները այսուհետ ևս կցուցաբերեն անհրաժեշտ արհեստավարժություն ու պատրաստակամություն պետական բարդ խնդիրները պատշաճ մակարդակով լուծելու համար:

Ինչպես հայտարարել է Սահակյանը, պետությունն էլ կշարունակի մշտական ուշադրության կենտրոնում պահել գերատեսչության գործունեությանը, աշխատակիցների աշխատանքային և սոցիալական պայմանների բարելավմանը ըստ ամենայնի աջակցելու գործընթացը: -0-