Փարիզում Արցախի պատմության և մշակույթի մասին պատմող գիրք է լույս տեսել

30.11.2011, 19:48
Փարիզում Արցախի պատմության և մշակույթի մասին պատմող գիրք է լույս տեսել

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 30 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Փարիզում լույս է տեսել «Արցախ՝ հայ ավանդույթների և արվեստի պարտեզ» ֆրանսերեն և անգլերեն լեզուներով նկարազարդ աշխատությունը, հաղորդում է ԼՂՀ ԱԳՆ լրատվական ծառայությունը:

Հաղորդագրության համաձայն՝ գիրքն ընթերցողին բացառիկ հնարավորություն է ընձեռում ծանոթանալ Արցախի պատմությանը, հնագիտական ժառանգությանը, պատմաճարտարապետական հուշարձաններին, յուրատիպ գույներով հագեցած ձեռագիր-մատյաններին, գորգագործության արվեստի դպրոցին:

Գրքի հեղինակային կազմում են հանրահայտ գիտնականներ և դասախոսներ, որոնք հանդիսանում են Արցախի պատմության և մշակույթի գիտակներ:

«Արցախ՝ հայ ավանդույթների և արվեստի պարտեզ» գիրքը լույս է տեսել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության 20-ամյակի առթիվ ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության հովանու ներքո և Ֆրանսիայում գործող «Սատար Լեռնային Ղարաբաղին» կազմակերպության աջակցությամբ:--0--