ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 29 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Արգենտինայում աշխատանքային այցով գտնվող Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը նախօրեին այցելել է հայ և արգենտինական ժողովուրդների բարեկամության խորհրդանիշներից մեկը հանդիսացող Արգենտինայի մայրաքաղաքում գտնվող Արմենիա հրապարակ, հաղորդում է ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը:
Նույն օրը երկրի ղեկավարն այցելել է Բուենոս Այրես նահանգի Հայաստան ավան և հանդիպել բնակիչների հետ:
Նախագահը նշել է, որ Հայաստան ավանը արգենտինահայ համայնքի կարևոր օջախներից մեկն է, ու նա մեծապես նպաստում է ազգային ինքնության պահպանմանը և ներհամայնքային կապերի ամրապնդմանը:
Հանդիպման ընթացքում Բակո Սահակյանն անդրադարձել է Արցախի կյանքին, հանրապետության ձեռքբերումներին և անելիքներին:
Միջոցառումներին մասնակցել են Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, Արգենտինայում, Ուրուգվայում և Չիլիում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վլադիմիր Կարմիրշալյանը, Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ Դավիթ Բաբայանը, պաշտոնատար այլ անձինք: -0-