ԼՂՀ նախագահը բարձր է գնահատել Ղարաբաղի համար Լոս Անջելեսում Հայաստանի հյուպատոսության դերը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 22 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Գլխավոր հյուպատոսության գործունեությունը կարևոր դեր է խաղում ինչպես Սփյուռքի հետ հարաբերությունների զարգացման, այնպես էլ ԱՄՆ-ում արցախյան հիմնահարցի ճշմարտացի ներկայացման տեսանկյունից, նախօրեին Լոս Անջելեսում Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոսությունում իր պատվին կազմակերպված պաշտոնական ընդունելիության ընթացքում ասել է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը:
Նախագահ Սահակյանը Կալիֆորնիան համարել է հայաշատ ամենակարևոր կենտրոններից մեկը, որի հետ համագործակցությունից է նաև մեծապես կախված Հայրենիք-Սփյուռք կապերի խորացումը և զարգացումը, հաղորդում է ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը:
Երկրի ղեկավարն ընդգծել է, որ հայոց անկախ պետականության և հայ ժողովրդի բոլոր հաղթանակների ու հաջողությունների ամենակարևոր գրավականը միասնականությունն է, ինչն անհրաժեշտ է ըստ ամենայնի պահպանել ու ամրապնդել:
Միջոցառմանը մասնակցում էին Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ Դավիթ Բաբայանը, ԱՄՆ-ում և Կանադայում ԼՂՀ մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը, Սփյուռքի ավանդական կուսակցությունների և տարբեր կազմակերպությունների ղեկավարներ, հագևորականներ, հայ համայնքի ներկայացուցիչներ: -0-