ԵՐԵՎԱՆ, 11 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Ղարաբաղի շուրջ գտնվող անվտանգության գոտում «Բագարան» աշխատանքային անունը կրող նոր քաղաքի նախագծի շնորհանդեսը տեղի է ունեցել ուրբաթ Երևանում՝ Ադրբեջանահայերի համագումարի նախագահության նիստի ընթացքում, քաղաքը նախատեսված է ադրբեջանահայ փախստականների համար:
«Մեր առջև խնդիր էր կանգնած նախագծել քաղաք՝ նախատեսված շուրջ 100 հազար բնակչի համար՝ 20 հազար ընտանիքի հաշվարկով: Իհարկե, դա պետք է բավականին խոշոր քաղաք լինի: Եվ դժվար է պատկերացնել, որ հինգ կամ տասը տարվա ընթացքում բնակչությունը կհասնի այդ մակարդակին, սակայն այդ նախագիծը, ինչպես մնացածները, նախատեսված է հետագայում ընդլայնման համար», - շնորհանդեսի ժամանակ ասել է նախագծի գլխավոր ճարտարապետ Անահիտ Թարխանյանը:
Ճարտարապետը նշել է, որ քաղաքը գտնվելու է Հագարի գետի ափին, որը Որոտան գետի վտակներից մեկն է՝ Զանգելանի շրջանի տարածքում, Իրանի հետ սահմանից 30 կմ հեռավորության վրա:
Նրա խոսքով՝ տարածքի ընտրությունը պայմանավորված է բարենպաստ բնակլիմակայական պայմաններով և աշխարհագրական դիրքով, քաղաքը շրջապատված է լինելու անտառներով:
Թարխանյանը տեղեկացրել է, որ Բագարան անունն ընտրվել է՝ համանուն մայրաքաղաքի հիշատակին, որը հիմնադրվել է 9-րդ դարում: Բագարանը (բառացիորեն՝ «Աստվածների կացարան») պատմական քաղաք է Մեծ Հայքի Այրարատ մարզում, այն Հայաստանի 13 մայրաքաղաքներից մեկն է, որը գտնվում է Ախուրյանի գետի աջ ափին:
Նրա խոսքով, ըստ նախագծի՝ քաղաքը բաղկացած կլինի 18 բնակելի և երեք վարչական շրջաններից:
Նա հավելել է, որ քաղաքը կառուցված է ամֆիթատրոնի ոճով՝ միասնության գաղափարը կյանքի կոչելու նպատակով:
Իրավաբան, Ադրբեջանահայերի համագումարի խորհրդատու Անդրեաս Ղուկասյանն իր հերթին նշել է, որ ադրբեջանահայ փախստականներն ունեն բոլոր իրավաբանական հիմքերը՝ Ղարաբաղի տարածքում բնակություն հաստատելու համար:
Լրագրողների այն հարցին, թե ինչպես են արձագանքել Ղարաբաղի իշխանություններն այս նախաձեռնությանը, նա հայտարարել է, որ Ղարաբաղի իշխանությունները բավականին դրական են վերաբերվել Ղարաբաղի շուրջ գտնվող անվտանգության գոտում հայ փախստականների բնակեցման գաղափարին:
Ղուկասյանը ընդգծել է, որ նախագիծը դեռևս պետք է պոտենցիալ ներդրողներ գտնի, սակայն նրա կարծիքով, այս նախագծի իրագործման հարցում և ֆինանսական, և իրավաբանական, և քաղաքական տեսակետից անհնարին ոչինչ չկա:
Ադրբեջանի կողմից իրականացվող էթնիկ զտումների հետևանքով 1988-1992 թթ.-ին իրենց տները լքել է ավելի քան կես միլիոն հայ, որոնցից 360 հազարը օթևան են գտել Հայաստանում:-0-