Ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում իրականացված դիտարկումն անցել է առանց միջադեպերի
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 4 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում ԵԱՀԿ-ի իրականացված դիտարկումն անցել է առանց միջադեպերի, սակայն Ադրբեջանը ԵԱՀԿ առաքելությանը դուրս չի բերել իր առաջապահ դիրքեր, հաղորդում է ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը:
Դիտարկումն անցել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ նախօրոք ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի Ասկերանի ուղղությամբ:
ԼՂՀ Պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գրասենյակի համակարգող Իմրե Պալատինուսը (Հունգարիա), ԳՆԱՆ դաշտային օգնականներ Խրիստո Խրիստովը (Բուլղարիա) և Մարիուս Պուոձիունասը (Լիտվա):
Շփման գծի հակառակ կողմից դիտարկման խմբում էին ԳՆԱՆ դաշտային օգնականներ Անթալ Հերդիչը (Հունգարիա) և Ուիլյամ Փրայորը (Մեծ Բրիտանիա):
«Դիտարկման ընթացքում կրակի դադարեցման ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել: Սակայն ադրբեջանական կողմը ԵԱՀԿ առաքելությանը դուրս չի բերել իր առաջապահ դիրքեր` նախօրոք համաձայնեցված կետ, որի հետևանքով ԵԱՀԿ դիտարկման խմբերը ստիպված են եղել դիտարկում կատարել ավելի հեռու տարածությունից», - նշվում է տեղեկատվության մեջ:
Դիտարկման առաքելությանը ղարաբաղյան կողմից ուղեկցել են ԼՂՀ արտաքին գործերի նախարարության և պաշտպանության նախարարության ներկայացուցիչները:-0-

