Ստեփանակերտի օդանավակայանի բացումը նոր հեռանկարներ կստեղծի զբոսաշրջության զարգացման համար

28.10.2011, 18:55
Ստեփանակերտի օդանավակայանի բացումը նոր հեռանկարներ կստեղծի զբոսաշրջության զարգացման համար
Ստեփանակերտի օդանավակայանի բացումը նոր հեռանկարներ կստեղծի զբոսաշրջության զարգացման համար

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 28 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Ստեփանակերտի օդանավակայանի բացումը նոր հեռանկարներ կստեղծի զբոսաշրջության զարգացման համար, այս մասին նշվել է ԼՂՀ կառավարությունում կազմակերպված աշխատանքային խորհրդակցության ընթացքում՝ ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանի և ՀՀ փոխվարչապետ, տարածքային զարգացման նախարար Արմեն Գևորգյանի մասնակցությամբ:
Ստեփանակերտի օդանավակայանը սկզբնական փուլում ժամում կկարողանա սպասարկել 100 ուղևոր, իսկ ուղևորափոխադրումները կիրականացվեն «Էյր Արցախ» ավիաընկերության կողմից CRJ-200 տիպի 50-տեղանոց ինքնաթիռների միջոցով: Սկզբնական փուլում չվերթերը կիրականացվեն օրը մեջ, իսկ ապագայում, պահանջարկին զուգահեռ, կփոխվի նաև թռիչքների պարբերականությունը:
 «Խորհրդակցության ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել Հայաստանի տուրիստական կազմակերպությունների հետ նոր ուղղությունների և տուրիստական փաթեթների քննարկման մասին», - հաղորդում է ՀՀ տարածքային զարգացման նախարարության մամուլի ծառայությունը:

Նախօրեին ՀՀ փոխվարչապետը հանդիպել է նաև ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հետ: Ինչպես հաղորդում է ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը, հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի մարզերի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչական շրջանների միջև փոխգործակցության ընդլայնմանն ու խորացմանն առնչվող հարցերը:

Այնուհետև հանդիպումը շարունակվել է ընդլայնված կազմով՝ Հայաստանի մի խումբ մարզպետների մասնակցությամբ:

Կողմերը նշել են, որ երկու հայկական հանրապետությունների վարչական միավորների մակարդակի վրա փոխգործակցությունն ինտեգրացիոն գործընթացների ամենաօպտիմալ տարբերակներից մեկն է, ինչը հնարավորություն կտա ավելի արդյունավետ օգտագործել գոյություն ունեցող ներուժը:
Հանդիպմանը մասնակցել են ԼՂՀ փոխվարչապետ, ֆինանսների նախարար Սպարտակ Թևոսյանը, պաշտոնատար այլ անձինք:-0-