Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը իտալական Ռիմինի քաղաքում անցկացվող «TTG INCONTRI» ամենամյա զբոսաշրջային միջազգային ցուցահանդեսին առանձին տաղավար է ներկայացրել, հաղորդում է ԼՂՀ պաշտոնական տուրիստական պորտալը:
Ռիմինիի ցուցահանդեսն անցկացվել է հոկտեմբերի 6-8-ը:
«Նման մակարդակի միջազգային ցուցահանդեսներին ԼՂՀ մասնակցությունը շատ արդյունավետ է, ինչը երկրին ոչ միայն իր նվաճումները և տեսարժան վայրերը համաշխարհային հանրությանը ներկայացնելու հնարավորություն է տալիս, այլ նաև ապահովում է դեպի ԼՂՀ զբոսաշրջիկների աճը»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Ցուցահանդեսին Ղարաբաղը ներկայացրել է Ղարաբաղի զբոսաշրջության զարգացման գործակալությունը՝ ԼՂՀ կառավարությանան առընթեր զբոսաշրջության վարչության հետ համատեղ, ֆինանսական աջակցություն է ցուցաբերել Ղարաբաղի կառավարությունը: Պատվիրակությունը գլխավորում է ԼՂՀ կառավարությանն առընթեր զբոսաշրջության վարչության պետ Սերգեյ Շահվերդյանը:
Այս տարի ակնկալվում է նաև ԼՂՀ մասնակցությունը Լոնդոնում կայանալիք զբոսաշրջային ցուցահանդեսին:
ԼՂՀ ԱԳՆ տվյալների համաձայն՝ Ղարաբաղ այցելած զբոսաշրջիկների քանակն աննախադեպ կերպով աճում է: Մասնավորապես՝ Գերատեսչության հյուպատոսական ծառայության տվյալների համաձայն՝ 2011թ.-ի առաջին կիսամյակում ԼՂՀ է այցելել ավելի քան 3 հազար օտարերկրացի, ինչը 49 տոկոսով գերազանցում է 2010թ.-ի նույն ժամանակահատվածի ցուցանիշը: Չնայած Ադրբեջանի իշխանությունների կողմից առաջացրած խոչընդոտներին և ԼՂՀ այցելած օտարերկրացիներին «պերսոնա նոն գրատա» հայտարարելուն, աշխարհում աճում է Արցախի հանդեպ հետաքրքրությունը:
2010թ.-ի առաջին կիսամյակում, անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, նույնպես զբոսաշրջիկների թվի զգալի՝ 45 տոկոսանոց աճ է գրանցվել:
Արցախ այցելողների թվում են՝ ԱՄՆ, Ֆրանսիայի, Իրանի, Մեծ Բրիտանիայի, Հոլանդիայի, Շվեցարիայի, Կանադայի, Իտալիայի, Լեհաստանի, Ռուսաստանի և ԱՊՀ այլ երկրների քաղաքացիները: Շարունակվում է ընդլայնվել այցելողների աշխարհագրությունը: Վերջին շրջանում ԼՂՀ ավելի հաճախ են այցելում զբոսաշրջիկներ Ճապոնիայից, Սինգապուրից, Բրազիլիայից, Վենեսուլայից, Իսրայելից, Նոր Զելանդիայից, Հնդկաստանից և այլ երկրներից:
Զբոսաշրջիկներին գրավում են ոչ միայն հին պատմական հուշարձանները, շքեղ բնությունը, գեղատեսիլ վայրերը, առողջ էկոլոգիան, հանքային և տաք աղբյուրները, այլ նաև Արցախի ժողովրդի բարյացակամությունն ու հյուրընկալությունը, յուրօրինակ ղարաբաղյան խոհանոցը:
Հյուրերն այցելում են Գանձասար (XIII դար), Ամարաս (IV դար), Դադիվանք (IV դար), հնադարյան Տիգրանակերտ քաղաքի պեղումների գոտին, Ազոխի քարանձավը, Նիկոլ Դումանի թանգարանը, ինչպես նաև բազմաթիվ հին հայկական ամրոցներ:
Արցախի զբոսաշրջության զարգացմանը զգալի չափով կաջակցի նաև Ստեփանակերտի օդանավակայանի բացումը: -0-