Ժամանակակից գործընթացները կստիպեն հակամարտության կողմերին գնալ խնդրի լուծման խաղաղ կարգավորմանը. ՀՀ վարչապետ

19.10.2011, 18:22
Ժամանակակից գործընթացները կստիպեն հակամարտության կողմերին գնալ խնդրի լուծման խաղաղ կարգավորմանը. ՀՀ վարչապետ

Ժամանակակից գործընթացները կստիպեն հակամարտության կողմերին գնալ խնդրի լուծման խաղաղ կարգավորմանը, չորեքշաբթի Սանկտ-Պետերբուրգի ֆինանսների և տնտեսության պետական համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողների հետ հանդիպման ժամանակ ասել է հայկական կառավարության ղեկավար Տիգրան Սարգսյանը:

«Այստեղ այլընտրանք չեմ տեսնում»,- չորեքշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը Սարգսյանի խոսքը մեջբերեցին հանրապետության կառավարության մամուլի ծառայությունից:

Միաժամանակ վարչապետն ընդգծել է, որ «հարևան պետություններն արագ փոփոխվող աշխարհում պետք է գտնեն ընդհանուր լեզու՝ իրենց հետագա առաջընթացն ապահովելու համար»:

Ուսանողների խնդրանքով Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում ընթացող տնտեսական գործընթացներին անդրադառնալով, Սարգսյանը նշել է, որ ԼՂՀ-ն զարգանում է դինամիկ տեմպով:

«Տնտեսական աճն Արցախում մշտապես երկու անգամ ավելի է, քան Հայաստանում: Երբեմն մենք նույնիսկ օրինակներ ենք վերցնում Լեռնային Ղարաբաղից՝ բարեփոխումների իրականացման տեսանկյունից»,- ասել է նա:

Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:

Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրեցին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:

1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից  հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց արդյունքում երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ  ստիպված լքեց բնօրրանը:
Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչև այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: -0-