Ադրբեջանը մեկ շաբաթվա ընթացքում շուրջ 180 անգամ խախտել է հրադադարի ռեժիմը. ԼՂՀ ՊԲ

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 10 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Ադրբեջանը նախորդ շաբաթվա ընթացքում Ղարաբաղի հետ շփման գծում շուրջ 180 անգամ խախտել է հրադադարի ռեժիմը, հաղորդում է «Նովոստի-Արմենիա» գործակալության թղթակիցը Ստեփանակերտից ՝ հղում անելով ԼՂՀ ՊԲ լրատվության և քարոզչության բաժնին:
ԼՂՀ ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն՝ անցած շաբաթվա ընթացքում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում իրադրությունն անհանգիստ էր:
«Չնայած պաշտոնական Բաքվի կողմից միջազգային տարբեր ատյաններում պարբերաբար հնչեցվող այն մեղադրանքներին, թե իբր հայկական կողմը շարունակ խախտում է հրադադարի պահպանման ռեժիմը, իրականությունը փաստում է լրիվ հակառակը: Դրա վառ ապացույցն են անցած 7 օրերի ընթացքում ադրբեջանական բանակի առաջապահ ստորաբաժանումների կողմից ձեռնարկված նախահարձակ գործողությունները», - նշվում է տեղեկատվության մեջ:
ԼՂՀ ՊԲ լրատվության և քարոզչության բաժնից տեղեկացրեցին, որ հակառակորդը նախորդ շաբաթ տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից հրադադարի ռեժիմը խախտել է շուրջ 180 անգամ` հայկական դիրքերի ուղղությամբ արձակելով ավելի քան 550 կրակոց:
Առավել ինտենսիվ խատումներ են արձանագրվել հոկտեմբերի 4-ին և 5-ին, որոնց ընթացքում, բացի ինքնաձիգերից և գնդացիրներից, հակառակորդը շուրջ 70 անգամ թիրախային կրակ է բացել «СВД», «Սև նետ» և «Իստիգլալ» դիպուկահարային զինատեսակներից:
Մանավորապես՝ հոկտեմբերի 5-ին՝ ժամը 17.00-ի սահմաններում, շփման գծի արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական դիրքի ուղղությամբ արձակված թշնամական կրակոցից ստանալով գնդակային հրազենային վնասվածք՝ զոհվել է ՊԲ զինծառայող, 1987թ. ծնված Յուրի Սարգսյանը:
«Կատարվածը մեկ անգամ ևս փաստում է, որ ինչպես դարանակալ հակառակորդի զինուժը, այնպես էլ նրա սադրիչ գործողությունները պարտակող քարոզիչները նպատակային քայլեր են իրականացնում հակամարտ կողմերի շփման գծում իրադրությունն ապակայունացնելու ուղղությամբ: Հանգամանք, որը ՊԲ դիրքապահ ստորաբաժանումներին ստիպում է իրենց գործողություններում լինել առավել վճռական և հակառակորդին տալ համարժեք, իսկ գուցե նաև խիստ պատասխան», - նշվում է տեղեկատվության մեջ:-0-