«Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախումբը համերգներ է ունեցել Ղարաբաղում

06.10.2011, 20:03
«Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախումբը համերգներ է ունեցել Ղարաբաղում

«Հայաստանի փոքրիկ երգիչներ» հայտնի երգչախումբը համերգներ է ունեցել Ղարաբաղում, հաղորդում է «Ազատ Արցախ» հանրապետական թերթը:

Երգչախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր, Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցի տնօրեն Տիգրան Հեքեքյանը երախտագիտություն է հայտնել Հայաստանի և Ղարաբաղի մշակույթի նախարարներին՝ Արցախում համերգաշարերի կազմակերպման համար, ինչպես նաև իր կոլեկտիվի կողմից ԼՂՀ մշակույթի նախարար Նարինե Աղաբալյանին նվիրել է Գանձասարի վանքը պատկերող կտավ:

Նախարարն իր հերթին հայտարարել է, որ Ստեփանակերտի մշակույթի և երաժշտության պալատում կայացած երգչախմբի հիանալի համերգը  կարևոր իրադարձություններ է նշանավորում, մասնավորապես՝ երկու հայկական պետությունների հռչակման 20-ամյա հոբելյանները:

Նախարարը Հեքեքյանին է հանձնել հանրապետության հռչակման 20-ամյակի հոբելյանական հուշամեդալը՝ հայտարարելով, որ Ղարաբաղում բարձր են գնահատում նրա պատրաստակամությունը և ներդրումը հանրապետությունում երգչախմբային արվեստի զարգացման գործում:

«Մենք կկատարենք Ձեր ցանկությունը՝ Արցախում ստեղծել Ձեր երգչախմբի մասնաճյուղը, և շուտով «Հայաստանի փոքրիկ երգիչների» միությանը կմիանան նաև Ղարաբաղի փոքրիկ երգիչները», - նշել է Աղաբալյանը:-0-