ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 30 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Ղարաբաղի ժողովուրդը վճռական է իր ազգային նպատակներում, չնայած առկա դժվարություններին, ուրբաթ հայտարարել է ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի սենատի անդամ Ժոզեֆ Սիմիթյանը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետ Արա Հարությունյանի հետ հանդիպման ժամանակ, հայտնում է ԼՂՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի գլխավոր վարչությունը:
Ողջունելով Արցախում ճանաչողական այցով գտնվող սենատորին` ԼՂՀ վարչապետը նշել է, որ ամերիկացի հայ բարեկամները էական օգնություն են ցուցաբերում արցախյան դատի պաշտպանության գործում:
Հյուրի խնդրանքով Հարությունյանը անդրադարձել է ղարաբաղյան հակամարտության շուրջ ընթացող բանակցությունների ներկա փուլին և հեռանկարին:
Վարչապետի խոսքով` Մինսկի խումբը կարևոր դերակատարություն ունի բանակցությունների շարունակման և մեր տարածաշրջանում խաղաղության պաշտպանման խնդրում:
«Հիմնախնդրի վերջնական կարգավորման համար դեռ երկար ճանապարհ կա անցնելու»,- շեշտել է ԼՂՀ կառավարության ղեկավարը:
Խոսելով ԼՂՀ հետագա զարգացման մասին` Ա.Հարությունյանը նշել է, որ ստեղծված են անհրաժեշտ նախադրյալներ Արցախում տնտեսական աճի բարձր տեմպեր ապահովելու համար: -0-