Լեռնային Ղարաբաղի ընտրությունները չեն ազդի հակամարտության խաղաղ կարգավորման վրա. ՌԴ ԱԳՆ

22.09.2011, 15:12
Լեռնային Ղարաբաղի ընտրությունները չեն ազդի հակամարտության խաղաղ կարգավորման վրա. ՌԴ ԱԳՆ
Լեռնային Ղարաբաղի ընտրությունները չեն ազդի հակամարտության խաղաղ կարգավորման վրա. ՌԴ ԱԳՆ

Լեռնային Ղարաբաղի ընտրությունների անցկացումը չի կարող ազդել հակամարտության խաղաղ կարգավորման ընթացքի վրա, հինգշաբթի հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչը:

2011թ.-ի սեպտեմբերի 18-ին Լեռնային Ղարաբաղում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են անցկացվել:
«Ինչպես հայտնի է, Ռուսաստանը չի ճանաչում «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը» որպես անկախ պետություն: Կարծում ենք, որ Լեռնային Ղարաբաղի ընտրությունների անցկացումը չի կարող ազդել հակամարտության խաղաղ կարգավորման ընթացքի վրա»,- նշվում է ՌԴ ԱԳՆ կայքում տեղադրված Լուկաշևիչի մեկնաբանությունում:

Փաստաթղթում նաև ասվում է, որ «Ռուսաստանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ գործընկերների՝ ԱՄՆ-ի և Ֆրանսիայի հետ ունեցած սերտ գործակցությամբ ակտիվ միջնորդական ջանքեր է գործադրում ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործում»:
«Շարունակելու ենք աջակցել ադրբեջանական և հայկական կողմերին՝ ղարաբաղյան հանգույցը փոխզիջումային տարբերակով լուծելու նպատակով: Հաստատում ենք ինչպես տարածքային ամբողջականության, ուժ չգործադրելու սկզբունքների, այնպես էլ այլ հիմնարար սկզբունքների և միջազգային իրավունքի նորմերի աջակցությունը»,- նշվում է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ:

Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:

Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրեցին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:

1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից  հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց արդյունքում երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ  ստիպված լքեց բնօրրանը:
Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչև այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: -0-