Ստեփանակերտը պատրաստ է Բաքվի հետ ուղիղ բանակցությունների և ցանկացած հարցերի քննարկմանը, ասել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը։
«բանակցային գործընթացի բոլոր փուլերին ԼՂՀ մասնակցությունը՝ որպես լիիրավ կողմ, միակ հնարավորությունն է հակամարտության համապարփակ կարգավորման համար։ Առանց մեր մասնակցության այն կարգավորելն անիրական է»,- «Նեզավիսիմոյա գազետա»-ին տված հարցազրույցում ասել է նա։
Սահակյանն ավելացրել է, որ այդ փաստը ճանաչում են նաև միջազգային միջնորդները, օրինակ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները։
Ըստ նախագահի, բանակցային գործընթացի լիարժեք ձևաչափի վերականգնումը միայն ժամանակի խնդիր է, և «որքան շուտ դա տեղի ունենա, այդքան քիչ ժամանակ կպահանջվի հակամարտության վերջնական լուծման համար»։
Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:
Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրեցին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:
1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց հետևանքով երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ ստիպված լքեց բնօրրանը:
Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչև այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: -0-