ԵՐԵՎԱՆ, 31 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/. Ղարաբաղի Պաշտպանական բանակի ժամկետային զինծառայող Աղասի Աբրահամյանի մահվան փաստի առթիվ հարուցված քրեական գործով երեք զինծառայող է ձերբակալվել, որոնցից մեկը սպա է, հայտնեց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Դավիթ Կարապետյանը։
«Նախաքննության շահերից և ձերբակալվածների ընտանիքների անդամների անվտանգությունից ելնելով՝ առայժմ ձերբակալվածների անունները չեն հրապարակվում: Նախաքննությունը շարունակվում է, առաջիկա օրերին հնարավոր են նաև այլ ձերբակալություններ»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Ըստ Կարապետյանի, դեպքի վայրում աշխատում է ՊՆ քննչական վարչության օպերատիվ խումբը` վարչության պետ, գեներալ-մայոր Արմեն Հարությունյանի գլխավորությամբ: Արցախում է գտնվում նաև ՀՀ զինվորական դատախազ Գևորգ Կոստանյանը:
«Իրականացվում են օպերատիվ մեծածավալ աշխատանքներ` դեպքի բոլոր մանրամասները պարզելու համար: Գործը գտնվում է պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի խիստ վերահսկողության ներքո: Վաղը դեպքի վայր է մեկնելու նաև պաշտպանության փոխնախարար, գեներալ-մայոր Վլադիմիր Գասպարյանը»,- ասաց նա։
Ղարաբաղի Պաշտպանական բանակի ժամկետային զինծառայող 19-ամյա Աղասի Աբրահամյանը մահացել է օգոստոսի 26-ին զինվորական հոսպիտալում, նրան հոսպիտալ են տեղափոխել անգիտակից վիճակում։ Տվյալ փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել, հետաքննությունն է իրականացվում։ -0-