ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 30 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/. ԼՂՀ-ում սեպտեմբերի 2-ին կնշվի ԼՂՀ հռչակման 20-ամյակը, հաղորդում է «Նովոստի-Արմենիա» գործակալության թղթակիցը Ստեփանակերտից:
Տոնական միջոցառումների կազմակերպման պետական հանձնաժողովն ավարտել է նախապատրաստական աշխատանքների հիմնական մասը: Արդեն թողարկվել է հուշամեդալը, հրապարակվել են քարոզչական նյութերը, բարեկարգվում և զարդարվում են հանրապետության մայրաքաղաքի, շրջկենտրոնների կենտրոնական փողոցներն ու հրապարակները:
Սեպտեմբերի 1-ին հանրապետության բոլոր ուսումնական հաստատություններում նոր ուսումնական տարին կսկսվի անկախության դասաժամերով, որոնց կմասնակցեն ղարաբաղյան շարժման ակտիվիստները, պետծառայողներն ու ԼՂՀ պաշտպանության բանակի սպաները:
Տոնը կմեկնարկի սեպտեմբերի 2-ի առավոտյան Ստեփանակերտի փողոցներով և հանրապետության շրջկենտրոններով զինվորական շարասյունի հանդիսավոր քայլերթով: Օրվա առաջին կեսին ԼՂՀ ղեկավարությունն ու տոնական միջոցառումներին մասնակցելու նպատակով ԼՂՀ ժամանած հյուրերը կայցելեն Ստեփանակերտի հուշահամալիր, որտեղ ծաղկեպսակներ կդնեն:
Այդ օրը ողջ հանրապետությունում նախատեսվում է կազմակերպել մշակութային տարատեսակ տոնական միջոցառումներ: ԼՂՀ հռչակման 20-ամյակի կապակցությամբ հանրապետության որոշ բնակիչներ, մասնավորապես` Հայրենական պատերազմի մասնակիցները, ղարաբաղյան պատերազմում զոհված զինվորների ընտանիքներն ու հաշմանդամները միանվագ դրամական օգնություն կստանան:
Տոնի շրջանակններում ԼՂՀ նախագահի անունից ընդունելություն կկազմակերպվի: Երեկոյան Ստեփան Շահումյանի անվան հանրապետական մարզադաշտում տեղի կունենա տոնական համերգ` տեղի և օտարերկրյա արտիստների մասնակցությամբ, ինչպես նաև կկազմակերպվի հրավառություն:
Տոնակատարություններին կմասնակցեն շուրջ 200 հյուրեր տարբեր երկրներից, որոնց թվում են քաղաքական և հասարակական գործիչներ, լրագրողներ և այլ հյուրեր:
1991 թ.-ի սեպտեմբերի 2-ին տեղի ունեցավ Լեռնային Ղարաբաղի մարզային և Շահումյանի շրջանային խորհուրդների համատեղ նստաշրջանը, որը համաժողովրդական կամքի արտահայտության հիման վրա ընդունեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Հռչակագիրը՝ Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Հանրապետության և Շահումյանի շրջանի ողջ տարածքում։
Նման որոշում ընդունելիս պահպանվել են 1990 թ. ապրիլի 3-ի «ԽՍՀՄ կազմից միութենական հանրապետության դուրս գալու հետ կապված հարցերի որոշման կարգի մասին» ԽՍՀՄ օրենքի պահանջները։ --0--