Մինչև տարեվերջ պետք չէ ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ բանակցություններում առաջխաղացում սպասել, հայտնեց «Հայ Դատի» կենտրոնական գրասենյակի և ՀՅԴ քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը:
«Այն փաստը, որ Կազանի հանդիպումն ակնկալվող արդյունքներ չբերեց, և Ադրբեջանի դիրքորոշումը չփոխվեց, բանակցությունների հետագա շարունակման վերաբերյալ լավատեսություն չի ներշնչում»,- երեքշաբթի լրագրողներին ասաց նա:
Ինչպես նշեց Մանոյանը, բանակցությունների ընթացքը խոսում է այն մասին, որ ոչ մի նոր բան չի սպասվում՝ ավելացնելով, որ նաև պարզ չէ հայ և ադրբեջանցի գործընկերներին ուղղված ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի ուղերձի էությունը:
Հուլիսի սկզբին Երևան և Բաքու կատարած այցի ընթացքում ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը Հայաստանի և Ադրբեջանի նախագահներին է փոխանցել Մեդվեդևի անձնական ուղերձը և ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ առաջարկները:
«Նախագահ Մեդվեդևը շահագրգռված է ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորմամբ, սակայն՝ հաշվի առնելով, որ Ռուսաստանում ընտրություններ են սպասվում, եթե առաջիկայում բանակցություններ չանցկացվեն, ապա գործընթացը որոշ ժամանակով կսառեցվի»,- ընդգծեց նա:
Ռուսաստանի նախագահական ընտրությունները կանցկացվեն 2012թ.-ի մարտին:
Միաժամանակ մեկնաբանելով Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների վերսկսման հնարավորությունը՝ Մանոյանը նշեց, որ դա քիչ հավանական է:
«Եթե անգամ պատերազմը սկսվի, ապա դա Ադրբեջանի նախաձեռնությամբ կլինի: Իսկ նա դրան կգնա՝ միայն հաղթանակի վստահության դեպքում: Քանի որ Բաքուն նման վստահություն չունի, ռազմական գործողությունների վերսկսման ռիսկը մեծ չէ»,- ընդգծեց նա:
Ղարաբաղյան հակամարտությունը սկիզբ է առել 1988 թ.-ին, երբ հիմնականում հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին։
1991 թ. դեկտեմբերի 10-ին, Խորհրդային Միության փլուզումից մի քանի օր առաջ, Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցավ հանրաքվե, որի ժամանակ բնակչության ճնշող մեծամասնությունը՝ 99,89 տոկոսը Ադրբեջանից ամբողջովին անկախանալու կողմ քվեարկեց։
Դրանից հետո սկսվեցին լայնամասշտաբ ռազմական գործողություններ, որոնց հետևանքով Ադրբեջանը կորցրեց վերահսկողությունը Լեռնային Ղարաբաղի և նրան հարակից յոթ շրջանների նկատմամբ։
1994 թ.-ի մայիսի 12-ին՝ զինադադարի մասին համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները։ Պատերազմի հետևանքով երկու կողմից զոհվեց մոտավորապես 25-30 հազ մարդ և մոտ մեկ միլիոնը ստիպված եղավ լքել բնակավայրերը։
Զինադադարի ռեժիմի մասին համաձայնությունը պահպանվում է մինչ այժմ։
1992 թ.-ից մինչ օրս ընթանում են բանակցություններ հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան։-0