Իտալացի լրագրողը Ղարաբաղի անկախության այլընտրանք չի տեսնում
Իտալական «Իլ դեմոկրատիկո» ցանցային օրաթերթը հրապարակել է լրագրող Արմանդո Պասկալի՝ Լեռնային Ղարաբաղի իրավիճակի մասին պատմող հոդվածը, որտեղ նշվում է Ղարաբաղի միջազգային ճանաչման կարևորությունը։
Լրագրողն իր հոդվածում, անդրադառնալով Կոսովոյի կողմից անկախության ինքնահռչակմանն ու Հարավային Սուդանի՝ հանրաքվեով հաստատված անկախությանը, ընդգծում է միջազգային հանրության կողմից Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչման անհրաժեշտությունը։
Հրապարակման մեջ ընդգծվում է, որ Ղարաբաղը դեռ նախաքրիստոնեական ժամանակներից բնակեցված է եղել հայերով և, հետևաբար, Հայաստանի անքակտելի մասն է եղել։
Հոդվածի հեղինակը նաև հիշեցնում է Բաքվի քաղաքականության մասին, այն է՝ պատմական հայկական հողերում ադրբեջանցիների հարկադիր բնակեցումը, հայկական գյուղերի տնտեսության միտումնավոր խափանումը, աջակցությունը արտագաղթին, հայերի հանդեպ կիրառված չարաշահումն ու ցուցաբերած բռնությունը։
Լրագրողը նշում է, որ Ղարաբաղը չճանաչված լինելով, ունի ինքնիշխան պետության բոլոր բաղկացուցիչները՝ խորհրդարան, սեփական կառավարություն ու բյուրոկրատիա։ Հրապարակման մեջ նշվում է, որ Ղարաբաղի ներառումը Ադրբեջանի կազմում ինքնիշխանության անվիճարկելիությանը վերաբերող միջազգային իրավունքի սկզբունքների ոտնահարում կդառնա։
Ղարաբաղյան հակամարտությունը սկիզբ է առել 1988 թ.-ին, երբ հիմնականում հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին։
1991 թ. դեկտեմբերի 10-ին, Խորհրդային Միության փլուզումից մի քանի օր առաջ, Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցավ հանրաքվե, որի ժամանակ բնակչության ճնշող մեծամասնությունը՝ 99,89 տոկոսը Ադրբեջանից ամբողջովին անկախանալու կողմ քվեարկեց։
Դրանից հետո սկսվեցին լայնամասշտաբ ռազմական գործողություններ, որոնց հետևանքով Ադրբեջանը կորցրեց վերահսկողությունը Լեռնային Ղարաբաղի և նրան հարակից յոթ շրջանների նկատմամբ։
1994 թ.-ի մայիսի 12-ին՝ զինադադարի մասին համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները։ Պատերազմի հետևանքով երկու կողմից զոհվեց մոտավորապես 25-30 հազ մարդ և մոտ մեկ միլիոնը ստիպված եղավ լքել բնակավայրերը։
Զինադադարի ռեժիմի մասին համաձայնությունը պահպանվում է մինչ այժմ։
1992 թ.-ից մինչ օրս ընթանում են բանակցություններ հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան։-0-