Ղարաբաղն ինքը պետք է որոշի, թե ինչն է կարելի զիջել Ադրբեջանին. ռազմական փորձագետ

Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունն ինքը պետք է որոշի, կզիջի՞, արդյոք, որևէ բան Ադրբեջանին, թե ոչ, հայտարարեց ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանը։
«Անշուշտ, հաշվի առնելով, որ Ադրբեջանում չկա զիջումների հակված քաղաքական որևէ ուժ, պետք է նշեմ, որ այս իրավիճակում մեր կողմից որևէ զիջումն արմատական որոշում կլիներ։ Որքան ավելի շուտ ԼՂՀ-ն նստի բանակցային սեղանի շուրջ, այնքան ավելի շուտ հայկական կողմի համար շահեկան լուծում կգտնի հակամարտությունը»,- ուրբաթ մամուլի ասուլիսի ընթացքում ասաց Ջամալյանը։
Փորձագետի խոսքով՝ եթե դիտարկենք ղարաբաղյան կարգավորման բանակցային գործընթացի զարգացումների տրամաբանությունը, սկսած Դովիլից, ապա կարելի է հանգել միակ ճիշտ եզրակացության՝ Բաքուն փորձում է մշակել բանակցային գործընթացի ձախողման մեթոդաբանություն։
«Պատահական չէ, որ Ադրբեջանը միշտ փորձել է ղարաբաղյան հարցը ներկայացնել որպես հակամարտություն Հայաստանի հետ։ Այդ դեպքում, անշուշտ, Հայաստանը խոցելի է դառնում փոխզիջումների տեսանկյունից։ Բաց բոլորովին այլ բան է, երբ ԼՂՀ-ն ինքն է խոսում իր կողմից վերահսկվող տարածքների մասին»,- ասաց նա։
Ջամալյանը նշեց նաև, որ, սկսած Դովիլից և առայսօր, հայկական կողմը շահել է այն առումով, որ «Լեռնային Ղարաբաղի ձայնն ավելի լսելի է դարձել»։
«Վերջին երկու ամիսների ընթացքում այդ տեսանկյունից էական առաջընթաց է արձանագրվել, և այստեղ շատ կարևոր է այն փաստը, որ պաշտոնական Երևանն ու Ստեփանակերտը վերջին ժամանակներում համաձայնեցված են աշխատել։ Կարևոր են նաև պաշտոնական Ստեփանակերտի վերջին հայտարարությունները»,- ավելացրեց նա։
Նա նշեց, որ, նախևառաջ, Ստեփանակերտը հասկացրեց, որ վարչատարածքային տեսակետից 1988 թվականին վերադառնալն անհնար է։ «Իհարկե, միջազգային հանրությունը դա հայկական կողմի դիրքերի խստացում անվանեց, սակայն այդ հայտարարությունը շատ կարևոր էր, քանի որ Ղարաբաղը հստակ հասկացրեց, որ հաղթանակն առևտրի առարկա լինել չի կարող։ Դա պետք է հասկանան բոլորը՝ և Բաքուն, և աշխարհը, և նույնիսկ մենք»,- ընդգծեց փորձագետը։
Նա միաժամանակ նշեց, որ հայկական կողմը կարող է խաղաղություն ապահովել միայն իր հաղթանակի ամրապնդմամբ, և ոչ թե զիջումներով։
Փորձագետի կանխատեսումներով, այս աշնանը առաջնային գծում համեմատաբար հանգիստ կլինի, ինչի պատճառը ոչ միայն միջազգային հանրության ճնշումն է Բաքվի վրա, այլ նաև ԼՂՀ Պաշտպանության բանակի՝ հրադադարի ռեժիմի խախտմանը տված համարժեք պատասխանը։
Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:
Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրեցին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:
1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց հետևանքով երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ ստիպված լքեց բնօրրանը:
Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչև այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: -0-