Հրադադարի ռեժիմը հաջողություն է ապահովում ադրբեջանաղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ բանակցային գործընթացում, Մեծ Բրիտանիայի խորհրդարանի Լորդերի պալատի անդամ, բարոնուհի Քերոլայն Քոքսի գլխավորած պատվիրակության հետ հանդիպման ժամանակ հայտնել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետ Արա Հարությունյանը։
Միաժամանակ ըստ Հարությունյանի, հակամարտության կարգավորման գործընթացքում դեռ ինչ-որ առաջընթաց չկա և տեսանելի ապագայում հաջողություններ նույնպես չեն նկատվում։
«Արցախն իր ապագան իր զարգացման մեջ է տեսնում, իսկ անվտանգությունը՝ ԼՂՀ պաշտպանական բանակի մարտունակության մեջ»,- նշել է ԼՂՀ վարչապետը։
Պատասխանելով այն հարցին, թե այժմ Ղարաբաղն ամենից շատ ինչի՞ կարիք ունի՝ ղարաբաղյան կառավարության ղելավարը հավաստիացրել է, որ առաջին հերթին Արցախն ուշադրության և ընկերների կարիք ունի, իսկ մնացած խնդիրները փորձում է ինքնուրույն լուծել։
Բարոնուհի Քոքսն էլ հայտնել է, որ «իր համար շատ հաճելի է կրկին հայտնվել Ղարաբաղում և նրա բնակիչների հետ նշել ազատության և անկախության 20-ամյակը»։
Նա վստահություն է հայտնել, որ իր գործը կշարունակվի գալիք սերնդի կողմից։ Մեծ Բրիտանիայի խորհրդարանի Լորդերի պալատի անդամն ասել է, որ այս անգամ նա իր թոռների հետ է Ղարաբաղ եկել, ովքեր հայկական այս երկրամասի հետ ծանոթացել են 13 տարի առաջ, երբ դեռ ընդամենը հինգ տարեկան էին:
Ղարաբաղ ժամանած պատվիրակության կազմում ընդգրկված է աշխարհի ինը երկրներից ավելի քան 30 մարդ՝ Մեծ Բրիտանիայից, Ավստրիայից, Գերմանիայից, Ֆրանսիայից, Հոլանդիայից, Իսրայելից, ԱՄՆ-ից, Ավստրալիայից, Նիգերիայից։
Բարոնուհի Քերոլայն Քոքսի նախաձեռնությամբ անցկացվող ուխտագնացությունը կազմակերպվել է ի պատիվ Հայաստանի կողմից քրիստոնեության ընդունման 1700-ամյակին և Արցախի Հանրապետության հռչակման 20-րդ տարեդարձին։ Քոքսն անգնահատելի ներդրում է կատարել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի շահերի պաշտպանման գործում՝ ղարաբաղյան շարժման առաջին տարիներից սկսած։ -0-