ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 26 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. ԼՂՀ կառավարությունը երեքշաբթի կայացած հերթական նիստի ժամանակ հաստատել է ԼՂՀ բուհեր օտարերկրյա քաղաքացիների ընդունելության կարգը, հաղորդում է ԼՂՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:
Այս կարգը, մասնավորապես, նպատակ ունի օտարերկրացիների համար հասանելի դարձնել կրթությունը Արցախի ուսումնական հաստատություններում, ինչպես նաև համապատասխան պայմաններ ստեղծել՝ հայկական մշակութային ժառանգության նկատմամբ հետաքրքրության բարձրացման և հայագիտության զարգացման խթանման համար:
ԼՂՀ ԿԳ նախարար Վլադիկ Խաչատրյանը հայտարարել է, որ սփյուռքահայ ուսանողները կարող են նաև անվճար ուսման իրավունք ստանալ:
«ԼՂՀ բուհեր ընդունված օտարերկրացի ուսանողների համար ուսումը կարող է կազմակերպվել գրական հայերենով կամ օտար լեզուներով», - նշել է Խաչատրյանը:
ԼՂՀ ԿԳ նախարարաը տեղեկացրել է, որ այս պահին Արցախի պետական համալսարանի նախապատրաստական բաժնում սովորում է Հնդկաստանի յոթ քաղաքացի:-0-