ՖԻՄԱ երևանյան ակումբի մարզիկները (Ֆիզկուլտ ինստիտուտի մարզական ակումբ) և Սիսիանի կանանց հավաքականը վոլեյբոլի Արցախի Գավաթի խաղարկության հաղթող են ճանաչվել, Ստեփանակերտից հաղորդում է «Նովոստի-Արմենիա» գործակալության թղթակիցը։
ԼՂՀ կառավարությանն առընթեր սպորտի պետական կոմիտեի նախագահ Ռազմիկ Հովսեփյանը հույս է հայտնել, որ ապագայում մասնակիցների աշխարհագրությունը կընդլայնվի, և հաջորդ տարի ամենայն հավանականությամբ կհրավիրվեն ոչ միայն Հայաստանի մարզիկները, այլ նաև արտերկրի թիմերը։
«Երևանում կայանալիք Համահայկական խաղերի ընթացքում վոլեյբոլի ղարաբաղյան հավաքականները մրցանակային տեղեր զբաղեցնելու հնարավորություն ունենմ, և Ստեփանակերտում անցկացված առաջնությունը յուրատեսակ նախապատրաստություն էր»,- նշեց Հովսեփյանը։
Առաջնության բոլոր մասնակիցներին ԼՂՀ վարչապետի, պաշտպանության նախարարի, ԼՂՀ վոլեյբոլի ֆեդերացիայի և «Բեյզ Մեթլզ» մետաղագործական ընկերության կողմից նվերներ են հանձնվել։
Թիմերի լավագույն խաղացողները ԼՂՀ վոլեյբոլի ֆեդերացիայի կողմից վկայականներ են ստացել։ -0-