Երկուշաբթի հեռախոսազրույցի ՌԴ և ԱՄՆ նախագահներ Դմիտրի Մեդվեդևն ու Բարաք Օբաման մտքեր են փոխանակել Լեռնային Ղարաբաղում առկա իրավիճակի առթիվ, հաղորդում է ՓՐԱՅՄ գործակալությունը՝ հղում անելով Կրեմլի մամուլի ծառայությանը։
Ամերիկացի նախագահը բարձր է գնահատել այդ հակամարտության կարգավորման հարցում ՌԴ-ի ձեռնարկած ջանքերը։
Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:
Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրեցին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:
1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց հետևանքով երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ ստիպված լքեց բնօրրանը:
Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչև այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան:
Նախագահները նաև պայմանավորվել են «անհրաժեշտ ազդակ տալ» ՀԱԿ-ի կազմ Ռուսաստանի մուտք գործելու վերաբերյալ բանակցություններին, պայմանավորվել են շարունակել իրեն դրական դրսևորած «ժամացույցների ճշտման» պրակտիկան՝ փոխգործակցության հետագա խորացման նպատակներով, նշվում է փաստաթղթում։
Հեռախոսազրույցի ընթացքում Մեդվեդևն ու Օբաման չեն անտեսել նաև Լիբիայում առկա իրավիճակը, որտեղ փետրվարի կեսերին զանգվածային ցույցեր են սկսվել ավելի քան 40 տարի երկիրը ղեկավարած Մուհամար Քադաֆիի հեռացման պահանջով, որոնք վերածվեցին զինված հակամարտության կառավարական ուժերի և ապստամբների միջև։
«Մեդվեդևը պատմել է վերջին շրջանում ռուսական կողմից ՄԱԿ-ի և Աֆրիկյան միության հետ սերտ համակարգում արված ինտենսիվ աշխատանքի մասին՝ Լիբիայի ճգնաժամը խաղաղ քաղաքական երկխոսության հուն փոխանցելու ուղղությամբ բազմակողմանի ջանքերին աջակցելու նպատակներով»,- ասվում է հաղորդագրության մեջ։ -0-