Ադրբեջանը մեկ շաբաթվա ընթացքում ավելի քան 200 անգամ խախտել է հրադադարի ռեժիմը. ԼՂՀ ՊԲ

27.06.2011, 11:39
Ադրբեջանը մեկ շաբաթվա ընթացքում ավելի քան 200 անգամ խախտել է հրադադարի ռեժիմը. ԼՂՀ ՊԲ
Ադրբեջանը մեկ շաբաթվա ընթացքում ավելի քան 200 անգամ խախտել է հրադադարի ռեժիմը. ԼՂՀ ՊԲ

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 27 հունիսի. /Նովոստի-Արմենիա/. Ադրբեջանական կողմը անցած շաբաթվա ընթացքում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հրադադարի ռեժիմը խախտել է ավելի քան 200 անգամ, հաղորդում է «Նովոստի-Արմենիա» գործակալության թղթակիցը Ստեփանակերտից՝ հղում անելով ԼՂՀ ՊԲ լրատվության և քարոզչության բաժնին։

ԼՂՀ ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն՝ ադրբեջանական կողմը տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից ավելի քան 600 կրակոց է արձակել  ղարաբաղյան դիրքերի ուղղությամբ։

Առավել ինտենսիվ խախտումներ են արձանագրվել հունիսի 18-ին, 19-ին և 22-ին։ Այս երեք օրվա ընթացքում հակառակորդը ԼՂՀ ՊԲ դիրքերի ուղղությամբ շուրջ 400 կրակոց է արձակել «AK», «CBД» , «ПK» և «УТЕС» հրաձգային զինատեսակներից։

Ի հակառակ նշված փաստերի, ադրբեջանական ԶԼՄ-ները, հավատարիմ մնալով իրենց ավանդական քաղաքականությանը, Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների հերթական հանդիպման նախօրեին միջազգային հանրությանը ապակողմնորոշելու նպատակով կեղծ տեղեկատվություն են տարածել, որի համաձայն՝ իբր հայկական կողմի կողմից հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով ադրբեջանցի զինծառայող է վիրավորվել։

«Սա ակներև ապատեղեկատվություն է, իսկ ադրբեջանցի զինծառայողի վիրավորելու փաստը կարող է հարևան հանրապետության զինված ուժերում ոչ կանոնադրական փոխհարաբերությունների հետևանք լինել։ ԼՂՀ պաշտպանության բանակն անշեղորեն պահպանում է հրադադարի ռեժիմը՝ չենթարկվելով սադրանքների և ամբողջովին վերահսկում է իրավիճակը», - նշվում է ԼՂՀ ՊԲ լրատվության և քարոզչության բաժնի տեղեկատվության մեջ։-0-