ՌԴ-ն հույս ունի, որ ղարաբաղյան կարգավորման սկզբունքները կհամաձայնեցվեն Կազանում. ԱԳՆ

ԵՐԵՎԱՆ, 23 հունիսի. /Նովոստի-Արմենիա/. Ռուսաստանը հույս ունի, որ ուրբաթ օրը ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցով Կազանում կայանալիք հանդիպումն առանցքային կլինի, և կողմերը կկարողանան պայմանավորվածությունների հասնել կարգավորման հիմնական սկզբունքների վերաբերյալ, ասվում է հինգշաբթի ՌԴ ԱԳՆ հրապարակած հայտարարությունում:
Սերժ Սարգսյանի, Դմիտրի Մեդվեդևի և Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը ծրագրված է հունիսի 24-ին։
«Այդ հանդիպումը պետք է սահմանագծի դեր խաղա Լեռնային Ղարաբաղի կարգավորման հարցում: Մենք ակնկալում ենք, որ Բաքուն և Երևանը կառուցողական արձագանք կդրսևորեն մայիսի 26-ին Դովիլում (Ֆրանսիա) ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների՝ ՌԴ-ի, ԱՄՆ-ի և Ֆրանսիական Հանրապետության կողմից արված համատեղ հայտարարությանը, որում Ադրբեջանի և Հայաստանի առաջնորդներին կոչ է արվում քաղաքական կամք դրսևորել և ավարտել ղարաբաղյան կարգավորման Հիմնարար սկզբունքների աշխատանքը Կազանի գագաթնաժողովի ընթացքում»,- ասվում է հայտարարությունում:
Ինչպես նշում է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը, Կազանում դիտարկվելիք փաստաթուղթը « կողմերի և համանախագահ երկրների համատեղ աշխատանքի կարևոր ժամանակահատվածի արդյունք է, իրական հիմք է ներկայացնում հետագա առաջընթացի և համապարփակ Խաղաղ համաձայնագրի հետագա նախապատրաստման համար»:
«Հույս ունենք, որ այս հիմքի վրա կողմերը համաձայնության կգան խաղաղության, բարգավաճման և ողջ տարածաշրջանի զարգացման օգտին»,- ընդգծել են ԱԳՆ-ում:
Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:
Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրեցին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:
1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց հետևանքով երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ ստիպված լքեց բնօրրանը:
Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչև այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: -0-