Ղարաբաղի նախագահը ցավակցություն է հայտնել Ելենա Բոնների մահվան կապակցությամբ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 20 հունիսի. /Նովոստի-Արմենիա/. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը երկուշաբթի ցավակցական հեռագիր է հղել հանրահայտ իրավապաշտպան և հրապարակախոս Ելենա Բոնների ընտանիքին՝ նրա մահվան կապակցությամբ, հաղորդում է ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը:
«Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում սրտի կսկիծով ընդունեցին Ելենա Գեորգիի Բոնների մահվան բոթը, մարդ, ով մեծ հարգանք էր վայելում մեր երկրում»,- ասվում է հեռագրում:
Սահակյանն իր ուղերձում ընդգծել է, որ Արցախի ազգային-ազատագրական շարժման մեկնարկի առաջին իսկ օրվանից Ելենա Բոնները ակտիվորեն պաշտպանում էր մեր ազգի ինքնորոշման իրավունքը, այցելում էր մեր երկիրը, ղարաբաղցիների հետ միասին պայքարում էր պատմական արդարության վերականգնման համար և ամենաբարձր ատյաններից պահանջում էր դադարեցնել Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում իրականացվող մարդու իրավունքների կոպիտ խախտումները:
«Ընդունեք իմ խորին ու անկեղծ ցավակցությունը: Այս ծանր պահին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ժողովուրդն ու իշխանությունները Ձեզ հետ միասին կիսում են անդառնալի կորստի վիշտն ու ցավը: Մեր հիշողության մեջ միշտ վառ կմնա Ելենա Բոնների լուսավոր կերպարը»,- նշվում է ուղերձում:
Ելենա Բոններն իրավապաշտպան է, հասարակական գործիչ, ակադեմիկոս Անդրե Սախարովի այրին, մահացել է շաբաթ օրը 88 տարեկան հասակում ԱՄՆ Բոստոն քաղաքում՝ ծանր հիվանդությունից հետո: -0-