Ադրբեջանը մեկ շաբաթվա ընթացքում ավելի քան 250 անգամ խախտել է հրադադարի ռեժիմը. ԼՂՀ ՊԲ

20.06.2011, 12:29
Ադրբեջանը մեկ շաբաթվա ընթացքում ավելի քան 250 անգամ խախտել է հրադադարի ռեժիմը. ԼՂՀ ՊԲ
Ադրբեջանը մեկ շաբաթվա ընթացքում ավելի քան 250 անգամ խախտել է հրադադարի ռեժիմը. ԼՂՀ ՊԲ

Ադրբեջանը նախորդ շաբաթվա ընթացքում Ղարաբաղի հետ շփման գծում ավելի քան 250 անգամ խախտել է հրադադարի ռեժիմը, հաղորդում է «Նովոստի-Արմենիա» գործակալության թղթակիցը Ստեփանակերտից՝ հղում անելով ԼՂՀ պաշտպանության բանակի լրատվության և քարոզչության բաժնին:

ԼՂՀ ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն՝ Ադրբեջանական բանակի առաջապահ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից շփման գծի հարավարևելյան, արևելյան և հյուսիսարևելյան ուղղությամբ արձակել են ավելի քան 1700 կրակոց:

Առավել ինտենսիվ խախտումներ են արձանագրվել հատկապես հունիսի 12-ին և 14-ին: Միայն այդ երկու օրերի ընթացքում հակառակորդը «AK», «CBД»  և «ПK» հրաձգային զինատեսակներից ՊԲ-ի դիրքերի ուղղությամբ արձակել է շուրջ 800 կրակոց:        

«Արցախի Հանրապետության զինված ուժերի առաջապահ ստորաբաժանումները` հարգելով հրադադարի ռեժիմի պահպանման շուրջ առկա պայմանավորվածությունը, հիմնականում ձեռնպահ են մնացել համարժեք պատասխան գործողություններից և շփման գոտու ողջ երկարությամբ վստահորեն վերահսկել իրավիճակը», - նշվում է տեղեկատվության մեջ:-0-