Ղարաբաղյան հարցում Բաքվի ռազմատենչ հռետորությունը կարող է իրավիճակը հանել վերահսկողությունից. ԵԽ պատգամավոր

16.06.2011, 18:05
Ղարաբաղյան հարցում Բաքվի ռազմատենչ հռետորությունը կարող է իրավիճակը հանել վերահսկողությունից. ԵԽ պատգամավոր

Ղարաբաղյան հարցում Բաքվի ռազմատենչ հռետորությունը կարող է իրավիճակը հանել վերահսկողությունից, հայտարարել է ԵԽ պատգամավոր Յոհանիս Կասուլիդեսը՝ ելույթ ունենալով Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակին նվիրված ԵԽ միջազգային հարցերի հանձնաժողովի լսումներին:

«Մադրիդյան սկզբունքների համաձայն, ԼՂՀ վերջնական իրավական կարգավիճակը պետք է լուծվի կամարտահայտության միջոցով, սակայն Իլհամ Ալիևը փորձում է նախապայմաններ առաջադրել՝ ամեն առիթով հայտարարելով, որ ԼՂՀ-ն ոչ մի կարգավիճակ չի ստանա, բացի Ադրբեջանի կազմում ինքնավար մարզի կարգավիճակից», - ընդգծել է Կասուլիդեսը:

Նա քննադատել է Ադրբեջանի նախագահի ռազմատենչ հայտարարությունները: «Նման հռետորությունը, սպառազինությունների մրցավազքը, շփման գծում առկա լարվածությունն ու միջադեպերը կարող են իրավիճակը հանել վերահսկողությունից, ինչպես դա տեղի ունեցավ Վրաստանում 2008թ.-ին», - հայտարարել է նա:

ԵԽ պատգամավորը ընդգծել է նաև, որ Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդները պետք է ստանան իրենց ժողովուրդների աջակցությունը ցանկացած որոշման վերաբերյալ: «Հայաստանին հարկավոր կլինի Ստեփանակերտի համաձայնությունը», - ավելացրել է նա:

Լսումներին մասնակցել են ԵԱՀԿ ՄԽ համանախագահներ Իգոր Պոպովը (ՌԴ), Ռոբերտ Բրադտկեն (ԱՄՆ) և Բեռնար Ֆասիեն (Ֆրանսիա), ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը, Հարավային Կովկասում ԵՄ նախկին հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբին և Արտաքին գործունեության եվրոպական ծառայության Ռուսաստանի, Արևելյան հարևանության և Արևմտյան Բալկանների հարցերով տնօրեն-կառավարիչ Միրոսլավ Լայչակը:

Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:

Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրեցին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:

1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից  հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց հետևանքով երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ  ստիպված լքեց բնօրրանը:

Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչև այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: -0-