Նալբանդյանը հերքել է հակամարտության գոտի խաղաղարարներ մտցնելու վերաբերյալ բանակցությունների մասին խոսակցությունները

14.06.2011, 14:23
Նալբանդյանը հերքել է հակամարտության գոտի խաղաղարարներ մտցնելու վերաբերյալ բանակցությունների մասին խոսակցությունները

Ղարաբաղյան հակամարտության գոտի խաղաղարար ուժեր մտցնելու մասին որևէ բանակցություն չի ընթանում, երեքշաբթի հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը:

ԵԱՀԿ ՄԽ համանախագահ-երկրների դովիլյան հայտարարությունից հետո Ադրբեջանի կողմից հաճախակի են դարձել հայտարարություններն այն մասին, թե շուտով ղարաբաղյան հակամարտության գոտի կմտնեն միջազգային խաղաղարար ուժեր:

«Նման տեղեկությունը սխալ մեկնաբանության հետևանք է: Հակամարտության գոտի խաղաղարար ուժեր մտցնելու հարցը չի քննարկվել վերջին երեք տարվա ընթացքում, և, համապատասխանաբար, եթե չեն եղել բանակցություններ, ապա չկա նաև պայմանավորվածություն», - ասաց նախարարը Շվեդիայի ԱԳ նախարար Կառլ Բիլդտի հետ Երևանում տեղի ունեցած համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում:

Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:
Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրեցին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:

1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից  հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց հետևանքով երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ  ստիպված լքեց բնօրրանը:
Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչև այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: -0-