Որոշվել է «Եվրատեսիլ-2011» եզրափակչի մասնակիցների ելույթների հերթականությունը
Այսպիսով, հայտնի է դարձել մրցույթի եզրափակչի բոլոր մասնակիցների ելույթների հերթականությունը վճռական շոուում, որը կկայանա շաբաթ լույս կիրակի գիշերը Dusseldorf Arena-ի բեմում։
Առաջինը Dusseldorf Arena-ի բեմ դուրս կգա Ֆինլանդիան ներկայացնող Պարադիս Օսկարը, նրան կհետևի երգիչ և երաժիշտ Դինո Մերլինը Բոսնիա և Հերցեգովինայից, երրորդ համարի տակ հանդես կգա A Friend In London խումբը Դանիայից, լիտվացի երգչուհի Էվելինա Սասենկոն կլինի չորրորդը, իսկ հունգարացի երգչուհի Կատի Վուլֆը՝ հինգերորդը։
Երկրորդ հնգյակը մեկնարկում է երկվորյակ եղբայրներ Ջոն և Էդվարդ Գրայմզների Jedward դուետով Իռլանդիայից, նրանցից հետո ելույթ կունենա Էրիկ Սաադեն Շվեդիայից, ութերորդը էստոնացի արտիստուհի Գեթեր Յաանին է, հույն արտիստներ Լուկաս Յորկասը և Ստերեո Մայքը կլինեն իններորդ համարի տակ, իսկ ռուս մասնակից Ալեքսեյ Վորոբյովը կներկայացնի իր Get You երգը տասներորդ համարի ներքո։
Այնուհետև Dusseldorf Arena բեմ դուրս կգա «Եվրատեսիլ-2011» մրցույթի ֆավորիտն՝ ըստ բուքմեքերների, ֆրանսիացի երգիչ Ամորի Վասիլին, նրանից հետո՝ իտալացի արտիստ Ռաֆայել Գուալացին, և նրանից հետո հերթով ելույթ կունենան Աննա Ռոսինելին Շվեյցարիայից, բրիտանական Blue խումբը, մոլդովական Zdob si Zdub կոլեկտիվը, գերմանացի երգչուհի Լենա Մայեր-Լանդրութը, ռումինական Hotel FM խումբը, ավստրիացի երգչուհի Նադին Բեյլերը, ադրբեջանական Էլլա և Նիքի դուետը, սլովենացի երգչուհի Մայա Քեուչը, իսլանդական Sjonni's Friends կոլեկտիվը, իսպանուհի Լյուսիա Պերեսը, ուկրաինացի երգչուհի Միկա Նյուտոնը, սերբ կատարող Նինան և վրացական Eldrine ռոք խումբը։
«Եվրատեսիլ-2011» մրցույթի հաղթողը կորոշվի հանդիսատեսի և պրոֆեսիոնալ ժյուրիի քվեարկության արդյունքում։ Հաղթող երկրի ներկայացուցիչը կտանի իր հետ փոխանցիկ մրցանակը՝ բյուրեղապակյա միկրոֆոնը։ -0-

