Ղարաբաղը նախապատրաստվում է մայիսի 9-ի տոնին

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 4 մայիսի. /Նովոստի-Արմենիա/. Մեծ Հաղթանակին, ԼՂՀ Պաշտպանության բանակի ստեղծման 19-րդ տարեդարձին և Շուշի քաղաքի ազատագրմանը նվիրված տոնակատարությունների կազմակերպման և համակարգման կառավարական հանձնաժողովը նախօրեին կայացած վերջին նիստի ընթացքում հաստատել է տոնական միջոցառումների ծրագիրը, հաղորդում է «Նովոստի-Արմենիա» գործակալության թղթակիցը Ստեփանակերտից:
Նիստի ընթացքում հանձնաժողովը վերջին ուղղումներն է մտցրել տոնական միջոցառումների սցենարներում և ճշտել է կազմակերպչական աշխատանքների ընթացքը: Նիստի ընթացքում նշվել է, որ Ղարաբաղի եռատոնին նվիրված միջոցառումները կմեկնարկեն մայիսի 7-ին:
Այդ օրը դպրոցականները կայցելեն ուսումնական հաստատություններին կից մի շարք զորամասեր, իսկ կառավարության անդամներն ու պատգամավորները կայցելեն առաջնային գիծ:
Մայիսի 8-ին Շուշիի սուրբ Ղազանչեցոց եկեղեցում պատարագ կմատուցվի, իսկ ԼՂՀ նախագահի նստավայրում պետական պարգևների հանձնման արարողություն կկազմակերպվի, ինչպես նաև կանցկացվի հանդիսավոր ժողով և տոնական համերգ:
Մայիսի 9-ին այցելություն կկազմակերպվի դեպի Ստեփանակերտի հուշահամալիր, կանցկացվեն տոնական մշակութային և մարզական միջոցառումներ, տոնախմբություններ, զինվորական շարասյունը հանդիսավոր քայլերթով կանցնի Ստեփանակերտի և ԼՂՀ-ի շրջկենտրոնների փողոցներով:
Այդ օրը Ստեփանակերտում նախատեսվում է կազմակերպել նաև սպառազինան և ռազմական տեխնիկայի ցուցադրություն:
Երեկոյան Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում տեղի կունենա տոնական համերգ և հրավառություն:-0-