Աշխարհը պետք է անպայմանորեն ճանաչի և դատապարտի Հայոց ցեղասպանությունը. Արցախի Հանրապետության նախագահ

24.04.2011, 13:23
Աշխարհը պետք է անպայմանորեն ճանաչի և դատապարտի Հայոց ցեղասպանությունը. Արցախի Հանրապետության նախագահ

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 24 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. Աշխարհը պետք է անպայմանորեն ճանաչի և դատապարտի 20–րդ դարի առաջին ցեղասպանությունը` հետագայում մարդկության դեմ ուղղված նման բռնությունները կանխարգելելու համար, հայտարարել է Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը:

Աշխարհասփյուռ հայությունը կիրակի օրը նշում է Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության 96-րդ տարելիցը:

«Այսօր համայն հայությունը աշխարհի տարբեր ծայրերում ոգեկոչում է Հայոց ցեղասպանության զոհ դարձած մեկուկես միլիոն անմեղ նահատակների հիշատակը: Մենք գլուխ ենք խոնարհում նրանց հիշատակի առջև՝ հոգու խորքում պահելով պարտքի զգացումն ու հաստատակամությունը` անել հնարավոր ամեն բան այդ հրեշավոր ու աննախադեպ ոճրագործության միջազգային ճանաչման ուղղությամբ», - նշվում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվական գլխավոր վարչությունից «Նովոստի-Արմենիա» գործակալություն ստացված հայտարարության մեջ:

Սահակյանը երախտագիտությունն է հայտնել բոլոր այն պետություններին, որոնք կանգնեցին Օսմանյան կայսրության կողմից ծրագրված ու իրականացված դաժան կոտորածներից հրաշքով փրկված հայերի կողքին: «Մենք երախտապարտ ենք նրանց, ովքեր այսօր էլ մեզ հետ են և պաշտպանում են հանուն պատմական արդարության վերականգնման մեր պայքարը», - նշել է ԼՂՀ նախագահը:

Միաժամանակ Սահակյանը նշել է այն բանի խորն իմաստը, որ այս տարի Մեծ եղեռնի օրը զուգադիպել է Քրիստոսի հրաշափառ Հարության տոնի հետ: «Հույսը, հավատքը և հայրենիքին նվիրվածությունը այն արժեքներն են, որոնք օգնել են մեզ հարատևել ամենածանր իսկ պայմաններում», - ընդգծել է նա:

Արցախի Հանրապետության նախագահը նշել է, որ հայերը պարտավոր են միշտ հիշել 1915-ի ողբերգության դասերը և թույլ չտալ, որպեսզի այն նորից կրկնվի: Հայերը պետք է լինեն ուժեղ ու հզոր, միասնական ու համերաշխ և ծառայեն մեկ նպատակի` հայ ժողովրդի և հայոց պետականության զորացմանն ու բարգավաճմանը:

Հայոց Ցեղասպանությունը ХХ դարի առաջին ցեղասպանությունն է։ Թուրքիան ավանդաբար մերժում է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին մոտ մեկուկես միլիոն հայերի զանգվածային ջարդեր իրականացնելու մեղադրանքները և չափազանց ցավագին է վերաբերվում Հայոց Ցեղասպանության հարցի վերաբերյալ Արևմուտքի կողմից արվող քննադատություններին:

Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են բազմաթիվ երկրներ: 1965 թ.-ին ցեղասպանությունն առաջինը ճանաչել է Ուրուգվայը, որի օրինակին հետևել են Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիան, Հոլանդիան, Բելգիան, Լեհաստանը, Լիտվան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, Հունաստանը, Կիպրոսը, Լիբանանը, Կանադան, Վենեսուելան, Արգենտինան, ԱՄՆ-ի 42 նահանգները: Հայոց ցեղասպանությունը ճանաչել է նաև Վատիկանը, Եվրախորհդարանը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը:-0-