ԼՂՀ ավիացիոն իշխանություններն անհեթեթ են անվանել Ադրբեջանի քաղաքացիական ավիացիայի ղեկավարի հայտարարությունը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 12 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. ԼՂՀ կառավարությանն առընթեր Քաղավիացիայի վարչության պետ Դմիտրի Ատբաշյանն անհեթեթ է անվանել Ադրբեջանի քաղաքացիական ավիացիայի ղեկավարի հայտարարությունը՝ Ստեփանակերտի օդանավակայանում թռիչք և վայրէջք կատարող ինքնաթիռների տապալման սպառնալիքը:
Ադրբեջանական ԶԼՄ-ների տեղեկությունների համաձայն՝ Ադրբեջանի պետական քաղաքացիական ավիացիայի ադմինիստրացիայի ղեկավար Արիֆ Մամեդովը մարտի 16-ին լրագրողներին հայտարարել է, որ Ադրբեջանը կարող է հրթիռակոծել ինքնաթիռները, որոնք վայրէջք կկատարեն Ստեփանակերտում կառուցվող օդանավակայանում: Ղարաբաղի ավիացիոն իշխանությունները ոչ քաղաքակիրթ են համարում Ադրբեջանի սպառնալիքները: Իսկ ՀՀ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը (ՔԱԳՎ) մտադիր է այդ հարցով դիմել Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպություն (ICAO)։
«Քաղաքացիական ինքնաթիռների տապալման սպառնալիքները պարզապես անհեթեթություն են, որը կարելի էր լսել ծայրահեղականի կամ ահաբեկչի շուրթերից, բայց ոչ քաղաքացիական ավիացիայի ղեկավարից»,- «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տված հարցազրույցում հայտնեց Ատբաշյանը:
Նա կարծում է, որ ծայրահեղ դեպքում նման հայտարարություն կարող էր անել ՀՕՊ-ի հրամանատարը, պաշտպանության նախարարը, ՌՕՈՒ-ի հրամանատարը, բայց ոչ քաղաքացիական ավիացիայի ղեկավարը:
Ըստ Ատբաշյանի, երբ քաղաքացիական ավիացիայի ղեկավարը սպառնում է տապալել այլ երկրների քաղաքացիական օդանավերը, ապա դա պարզապես հիմարություն է նրա կողմից:
«Այսպիսով, նա հրաժարվում է իր երկրի կողմից ստորագրած կոնվենցիայից և դա, օրինակ, մեզ իրավունք է տալիս պահանջել ԻԿԱՕ-ից Ադրբեջանին բացառելը: Կարծում եմ, որ ԻԿԱՕ-ի բոլոր մնացած անդամները զերծ են մնում քաղաքացիական օդանավերի որևէ սպառնալիքներից»,- նշեց Ատբաշյանը:
Վարչության ղեկավարը կարծում է, որ Ադրբեջանը միառժամանակ խորհելուց հետո, հնարավոր է, հաշվի է առել համաշխարհային ավիացիոն հանրության արձագանքը, ինչպես նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի վերջին հայտարարությունը, թե նա պատրաստվում է նոր չվերթի առաջին ուղևորը դառնալ:
Ըստ նրա, պատահական չէ, որ հատկապես ՀՀ նախագահի հայտարությունից հետո (սպառնալիքները սքողելով) ելույթ ունեցավ Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Էլհան Պոլուխովը: Ամեն դեպքում, ըստ նրա, Ադրբեջանի պաշտոնական իշխանությունները մինչ այսօր չեն հայտարարել օդանավերը տապալելու մտադրությունից հրաժարվելու մասին:
Ատբաշյանը հիշեցրեց, որ ԻԿԱՕ-ի գործող օրենքների համաձայն անթույլատրելի են այն ցանկացած գործողությունները, որոնք սպառնում են քաղաքացիական օդանավերի թռիչքների անվտանգությանը:
Ստեփանակերտի նոր օդանավակայանը, որի բացման օրը դեռ հայտնի չէ, կկարողանա սպասարկել ժամում 100 ուղևորի, իսկ ուղևորափոխադրումները կիրականացվեն «Էյր Արցախ» ավիաընկերության կողմից՝ 50 տեղանոց երեք CRJ-200 ինքնաթիռների միջոցով:
Առաջնային փուլում չվերթերը կիրականացվեն օրը մեջ, իսկ հետագայում պարբերաբար կփոխվի նաև չվերթերի հաճախականությունը՝ կախված պահանջարկից:
Ինչպես ավելի վաղ «Նովոստի-Արմենիա» հայտնել էր ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը, սկզբում օդանավակայանից կիրականացվեն Ստեփանակերտ-Երևան-Ստեփանակերտ չվերթերը, բայց օդանավակայանը կառուցվում է նաև դեպի այլ ուղղություններ չվերթեր իրականացնելու հեռանկարով: -0

