Բաքուն փորձում էր միջազգային հանրային կարծիքը՝ սպառնալով տապալել Ստեփանակերտի ինքնաթիռները
Սպառնալով տապալել Ստեփանակերտի օդանավերը՝ Բաքուն փորձում էր միջազգային հանրային կարծիքը, ուրբաթ լրագրողներին ասաց զինվորական հոգեբան Դավիթ Ջամալյանը։
Ադրբեջանական ԶԼՄ-ների հաղորդագրության համաձայն, Ադրբեջանի պետական քաղաքացիական ավիացիայի վարչության տնօրեն Արիֆ Մահմեդովը մարտի 16-ին լրագրողներին հայտնել էր, որ Ադրբեջանը կարող է տապալել այն ինքնաթիռները, որոնք պատրաստվում են վայրէջք կատարել Ստեփանակերտում կառուցվող օդանավակայանում: Ինչից հետո Ադրբեջանի իշխանությունները հանդես եկան հայտարարությամբ, ըստ որի՝ ուժ չեն կիրառի քաղաքացիական օբյեկտների նկատմամբ:
«Ադրբեջանի նպատակն էր ստուգել, թե ինչպես են տրամադրված միջազգայիյ կառույցներն ու միջազգային հանրությունը Երևան-Ստեփանակերտ չվերթի և Բաքվի հայտարարությունների նկատմամբ։ Ցավոք, պարզվեց, որ միջազգային հանրությունը շահագրգռված չէ տարածաշրջանում ռազմական գործողությունների վերսկսումով, իսկ ադրբեջանական սպառնալիքը կյանքի կոչելու դեպքում պատերազմն անխուսափելի կլիներ»,- ասաց Ջամալյանը։
Ռազմական փորձագետ Արծրուն Հովհաննիսյանն իր հերթին նշեց, որ Բաքվի համար սպառնալիքների իրականացումը բավական բարդ խնդիր է։
«Ի սկզբանե պարզ էր, որ Ադրբեջանը քաղաքական խաղ է վարում՝ փորձելով հասկանալ հայ հասարակության տրամադրությունը։ Սակայն, հարկ է նշել, որ եթե չլիներ միջազգային ճնշումը, Ադրբեջանը կփորձեր իրականացնել իր սարսափելի սպառնալիքները, քանի որ Բաքվին երբեք օտար չեն եղել պայքարի նման հակամարդասիրական մեթոդները»,- ավելացրեց Հովհաննիսյանը։
Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանն իր հերթին ընդգծեց, որ նույնիսկ հաշվի առնելով Բաքվի հայտարարությունները քաղաքացիական օբյեկտների նկատմամբ ուժ չկիրառելու վերաբերյալ, Ադրբեջանի սկզբնական սպառնալիքները պետք է բնութագրվեն որպես ահաբեկչություն։
«Գոյություն ունի «տեղեկատվական ահաբեկչություն» հասկացություն։ Դրանով էլ հենց զբաղվել է Ադրբեջանը։ Սակայն պետք է նշել, որ այս ամբողջ պատմությունը դրական կողմն ունի՝ հայ հասարակայնությունը ցույց տվեց, որ նշանակություն չի տալիս և չի վախենում Բաքվի սպառնալիքներից։ Դրա ապացույցն է Երևան-Ստեփանակերտ առաջին ավիաչվերթերի տոմսեր ձեռք բերել ցանկացողների մեծ թվաքանակը»,- ասաց քաղաքագետը։
Ստեփանակերտում կառուցվող օդանավակայանի ղեկավարությունը նախկինում հայտարարել է օդանավակայանի բոլոր աշխատանքների ավարտի և այն շահագործման հանձնելու մասին արդեն մայիսի 9-ին։ ԼՂՀ կառավարությանն առընթեր Քաղաքացիական ավիացիայի վարչության ղեկավար Դմիտրի Ատբաշյանը ժամանկավրեպ է համարում օդանավակայանի բացման հստակ ամսաթվի հնչեցումը։ Նրա խոսքով` հնարավոր է, առաջին ուղևորներին օդանավակայանը կկարողանա ընդունել ամռան սկզբին։
Օդանավակայանը կարող է ժամում 100 ուղևորի սպասարկել, իսկ ուղևորափոխադրումները կիրականացվեն «Էյր Արցախ» ավիաընկերության կողմից երեք 50 տեղանոց CRJ-200 ինքնաթիռների միջոցով: --0-