Ղարաբաղի և Ադրբեջանի սահմանին ԵԱՀԿ դիտարկումն անցել է առանց միջադեպերի
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 1 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում ուրբաթ տեղի ունեցած ԵԱՀԿ առաքելության պլանային դիտարկումն անցել է առանց միջադեպերի, հաղորդում է ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը:
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ նախօրոք ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ դիտարկումն անցել է ԼՂՀ Հադրութի շրջանի ուղղությամբ:
ԼՂՀ պաշտպանության բանակի դիրքերից դիտարկման խումբը գլխավորում էր ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ (ԳՆԱՆ* Անջեյ Կասպշիկը: Դիտարկման խմբում ընդգրկված էին ԵԱՀԿ գրասենյակի համակարգող, փոխգնդապետ Իմրե Պալատինուսը (Հունգարիա), ԳՆԱՆ դաշտային օգնականներ Անտալ Հերդիչը (Հունգարիա) և Մարիուս Պուոձիունասը (Լիտվա):
Ադրբեջանական կողմից դիտարկումն իրականացրել են ԳՆԱՆ դաշտային օգնականներ Քրիստո Քրիստովը (Բուլղարիա) և Վիլյամ Պրայորը (Մեծ Բրիտանիա):
Դիտարկումն անցել է ըստ սահմանված գրաֆիկի:
Դիտարկման առաքելությանը ղարաբաղյան կողմից ուղեկցում էին ԼՂՀ արտաքին գործերի նախարարության և ԼՂՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչները:-0-

