ԵԱՀԿ ՄԽ համանախագահները քննարկել են ղարաբաղյան հակամարտության գոտում միջադեպերի քննության մեխանիզմները
Ղարաբաղյան հակամարտության կարգավորման ԵԱՀԿ ՄԽ համանախագահներ Իգոր Պոպովը (ՌԴ), Ռոբերտ Բրադտկեն (ԱՄՆ) և Բեռնար Ֆասիեն (Ֆրանսիա)՝ Երևան, Ստեփանակերտ և Բաքու կատարած այցերի ընթացքում քննարկել են շփման գծում միջադեպերի քննության մեխանիզմները, չորեքշաբթի ուշ երեկոյան Ստեփանակերտում լրագրողներին է հայտնել ռուս համանախագահը:
Նա հիշեցրել է, որ հնարավոր միջադեպերի քննության հետ կապված հարցը մարտի 5-ին Սոչիում Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների ընդունած հայտարարության բաղկացուցիչ մասն է:
«Այդ հայտարարությունը ժամանակին էր... Սովորաբար միջադեպերի վայր է մեկնում դիտարկման առաքելությունը, բայց միշտ չէ, որ այդ առաքելությունը կարողանում է օբյեկտիվ արդյունքներ տալ, այդ պատճառով մենք քննարկել ենք նմանատիպ քննությունների մեխանիզմների մշակման հետ կապված հարցերը», - նշել է Պոպովը:
Նրա խոսքով՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը այդ մեխանիզմի մշակման հարցում իր նկատառումներն է ներկայացրել:
«Մենք բավականին մանրամասն զրուցել ենք նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ, ով ևս ներկայացրել է իր նկատառումները», - նշել է ռուս համանախագահը:
Նա ավելացրել է, որ Ստեփանակերտում ևս այս հարցի շուրջ կարծիքների փոխանակում է տեղի ունեցել:
«Մենք նախատեսում ենք ամփոփել կողմերի բոլոր առաջարկները և վերջում մշակել մեխանիզմ, որը թույլ կտա ամրապնդել մեր աշխատանքի մարդասիրական բաղկացուցիչը, ինչը խթան կդառնա հակամարտող կողմերի միջև վստահության միջոցների ամրապնդման համար», - նշել է Պոպովը:
Նա նաև տեղեկացրել է, որ համանախագահները մտադիր են այցելել բոլոր տարածքներ, որոնք վերաբերում են հակամարտությանը:
Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:
Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրեցին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:
1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց արդյունքում երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ ստիպված լքեց բնօրրանը:
Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչև այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: -0-