Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցություններն իրականացվում են ոչ լիարժեք ձևաչափով. ԼՂՀ ԱԺ փոխխոսնակ

25.02.2011, 12:05
Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցություններն իրականացվում են ոչ լիարժեք ձևաչափով. ԼՂՀ ԱԺ փոխխոսնակ

Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացն իրականացվում է ոչ լիարժեք ձևաչափով, նախօրեին Ստեփանակերտում լրագրողներին հայտարարել է ԼՂՀ ԱԺ փոխխոսնակ, «Հայրենիք» կուսակցության խորհրդարանական խմբակցության անդամ Արթուր Թովմասյանը:

Նրա խոսքերով՝ ԼՂՀ իշխանությունները ևս պետք է մասնակցեն ԵԱՀԿ ՄԽ-ի հովանու ներքո անցկացվող բանակցություններին:

«ԼՂՀ նախագահի հետ հանդիպման ժամանակ մեր խմբակցությունն առաջարկել է, որպեսզի բանակցային գործընթացով զբաղվի գործադիր իշխանությունը՝ ԼՂՀ նախագահի գլխավորությամբ, իսկ հանրապետության ճանաչման գործընթացով՝ պատգամավորներն ու կուսակցությունները», - նշել է Թովմասյանը:

ԼՂՀ ԱԺ փոխխոսնակը տեղեկացրել է, որ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի և «Հայրենիք» խորհրդարանական խմբակցության անդամների հետ նախօրեին կայացած հանդիպման ընթացքում ԼՂՀ նախագահը հանդես է եկել 11 կետից բաղկացած ելույթով և իր կարծիքն է ներկայացրել պետության ներքին և արտաքին քաղաքականության վերաբերյալ:

«Մեր խմբակցության անդամները ևս հանդես են եկել մի շարք առաջարկներով, այս կապակցությամբ լսել են նախագահի կարծիքներն ու նկատառումները: Մասնավորապես, քննարկվել է ԼՂՀ հռչակման 20-ամյակին նվիրված միջոցառման անցկացման և անկախ Արցախում առաջին խորհրդարանական ընտրությունների անցկացման հարցը», - նշել է Թովմասյանը:

Խոսելով օրենսդրական գործունեությանը վերաբերող «Հայրենիք» խմբակցության առաջարկների մասին՝ Թովմասյանը հայտարարել է, որ հարկավոր է իրավաբանական-վերլուծական կենտրոն ստեղծել, որպեսզի օրինագծերը ներկայացվեն խորհրդարանին պատշաճ կերպով՝ հաշվի առնելով նաև Ղարաբաղի առանձնահատկությունները:

Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:

Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրեցին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:

1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից  հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց արդյունքում երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ  ստիպված լքեց բնօրրանը:

Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչև այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: -0-