ԼՂՀ նախագահը հանդիպել է հանրապետության փրկարար ծառայության ղեկավարության հետ

23.02.2011, 17:53
ԼՂՀ նախագահը հանդիպել է հանրապետության փրկարար ծառայության ղեկավարության հետ

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը չորեքշաբթի հանդիպել է հանրապետության փրկարար ծառայության ղեկավար անձնակազմի հետ, հաղորդում է ԼՂՀ նախագահի աշխատակազմի Տեղեկատվության գլխավոր վարչությունը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են 2010 թվականին գերատեսչության գործունեության արդյունքները և 2011 թվականի անելիքները: Զեկույցներով հանդես են եկել փրկարար ծառայության տնօրեն Արթուր Հարությունյանը և կառույցի պատասխանատու աշխատողները:

«Նշելով, որ վերջին ժամանակաշրջանում էապես ակտիվացել է ծառայության գործունեությունը, երկրի ղեկավարը միաժամանակ մատնանշել է կատարված աշխատանքներում առկա թերությունները»,- ասվում է հաղոդագրությունում:

Սահակյանը հանձնարարել է անցկացնել բոլոր անհրաժեշտ միջոցառումները ծառայության աշխատանքների արդյունավետության և օպերատիվության, աշխատողների մասնագիտական պատրաստվածության, ինչպես նաև հասարակության մեջ փրկարար ծառայության հեղինակության բարձրացման ուղղությամբ:

Այս համատեքստում երկրի ղեկավարը կարևորել է Ստեփանակերտի քաղաքապետարանի, հանրապետության շրջվարչակազմերի և Հայաստանի համապատասխան կառույցների հետ համագործակցության ընդլայնման և խորացման անհրաժեշտությունը: -0-