Ղարաբաղի կառավարությունը հաստատել է ԼՂՀ զբոսաշրջության զարգացման 2011 թ.-ի ծրագիրը

16.02.2011, 10:45
Ղարաբաղի կառավարությունը հաստատել է ԼՂՀ զբոսաշրջության զարգացման 2011 թ.-ի ծրագիրը

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 16 փետրվարի. /Նովոստի-Արմենիա/. ԼՂՀ կառավարությունը նախօրեին հերթական նիստի ժամանակ հաստատել է ԼՂՀ զբոսաշրջության զարգացման 2011 թ.-ի ծրագիրը և դրա իրականացման միջոցառումների ցանկը, հաղորդում է ԼՂՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Նախանշվում է այս տարի ապահովել ԼՂՀ ներգնա զբոսաշրջային այցելությունների առնվազն 25% աճ:

Ոլորտի զարգացման նպատակով պետբյուջեից կտրամադրվի 35 մլն դրամ (շուրջ 95,8 հազար ԱՄՆ դոլար), որից 29 միլիոնը (շուրջ 79 հազար ԱՄՆ դոլար) կհատկացվի քարոզչական աշխատանքների համար:

ԼՂՀ կառավարությունը հաստատել է նաև ԼՂՀ պատմամշակութային հուշարձանների վերականգնման ու պահպանման աշխատանքների, թանգարանային գործի զարգացմանն ուղղված միջոցառումների ծրագիրը:

Նախատեսվում է, մասնավորապես, կոնսերվացնել Ասկերանի ամրոցը, շարունակել Գտչավանքի, Տողի մելիքական ապարանքի, Դադիվանքի երիցատան վերականգնման աշխատանքները և հնագիտական պեղումները Ազոխի քարանձավում, Տիգրանակերտում և այլուր:

Այդ նպատակի համար ընդհանուր առմամբ կհատկացվի 300 մլն դրամ (շուրջ 821 հազար ԱՄՆ դոլարի), իսկ թանգարանային գործին ի սպաս կդրվի 8 մլն 500 հազար դրամ (23,3 հազար դոլար):-0-