ԼՂՀ նախագահը նշում է արհմիությունների կարևոր դերը ժողովրդավարական, սոցիալական ուղղվածությամբ շուկայական տնտեսություն ունեցող երկրների կյանքում

26.01.2011, 18:05
ԼՂՀ նախագահը նշում է արհմիությունների կարևոր դերը ժողովրդավարական, սոցիալական ուղղվածությամբ շուկայական  տնտեսություն ունեցող երկրների կյանքում

Նախագահ Բակո Սահակյանը հունվարի 26-ին հանդիպում է ունեցել հանրապետության արհմիությունների ֆեդերացիայի ներկայացուցիչների հետ, հաղորդում է ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը։

2010 թվականին կատարված աշխատանքների, առկա խնդիրների և անելիքների մասին զեկուցումներով հանդես են եկել արհմիությունների ֆեդերացիայի նախագահ Արա Ղահրամանյանը, շրջանային մարմինների ղեկավարները և կառույցի տարբեր ոլորտների պատասխանատուներ:

Երկրի ղեկավարը կարևորել է արհմիությունների դերը ժողովրդավարական, սոցիալական ուղղվածությամբ շուկայական  տնտեսություն ունեցող երկրների կյանքում` նշելով, որ հենց այս օղակն է շատ ժամանակ կարգավորում աշխատանքի, աշխատողների շահերին վերաբերող բազմաթիվ առանցքային հարցեր:

Նախագահն անհրաժեշտ է համարել նոր թափ հաղորդել արհմիությունների գործունեությանը` ընդգծելով, որ կառույցի ղեկավար կազմը ավելի ակտիվ դերակատարություն պետք է ունենա երկրի զարգացման մեջ` գործուն մասնակցություն ցուցաբերելով տարբեր միջոցառումներում, այդ թվում նաև նախագահի կողմից կազմակերպվող:

Հանդիպման ավարտից հետո նախագահը հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն` նվիրված արհմիությունների կողմից բարձրացված հիմնախնդիրներին:

Քննարկված հարցերի լուծման կապակցությամբ Բակո Սահակյանը կոնկրետ հանձնարարականներ է տվել շահագրգիռ մարմինների ղեկավարներին:

Միջոցառումներին մասնակցել են Արցախի Հանրապետության փոխվարչապետ, ֆինանսների նախարար Սպարտակ Թևոսյանը, պաշտոնատար այլ անձինք: -0-